16/01/2024 16:02
Ներմուծման փուլում փաստաթղթի բացակայության պարագայում բացթողումը մաքսայինի կողմից չի թույլատրվելու
Տեղեկացնում ենք, որ ԵՏՀ Խորհրդի 2021 թ․ նոյեմբերի 12-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգի մասին» թիվ 130 որոշմամբ սահմանված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծման կարգը, թվարկված են բոլոր այն դեպքերը, որոնց համար մաքսային մարմիններին պետք է ներկայացվեն կամ չներկայացվեն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված և (կամ) նշանակված համապատասխանության գնահատման մարմինների կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերը: Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Ներկա պահին ՀՀ-ում ինտենսիվ աշխատանքներ են տարվում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող բոլոր ապրանքների համար համապատասխանության գնահատման ապահովման բավարար պայմաններ ստեղծելու, լաբորատոր կարողություններ զարգացնելու ուղղությամբ։
Այնուամենայնիվ, կից ցանկում նշված ապրանքների մասով ՀՀ-ում առկա են համապատասխանության գնահատման բավարար կարողություններ։
Հորդորում ենք բոլոր տնտեսավարողներին ծանոթանալ կից ցանկին և, ԵՏՀ Խորհրդի 2021թ․ նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմամբ սահմանված դեպքերում անհապաղ սկսել անհրաժեշտ գործընթացները՝ համապատասխան տեխնիկական կանոնակարգով/երով սահմանված և մաքսային մարմինների կողմից պահանջվող փաստաթղթի առկայությունը արդեն իսկ ներմուծման ժամանակ ապահովելու ուղղությամբ։
Տեղեկացնում ենք նաև, որ 2024թ․-ի ապրիլի 1-ից (բացառությամբ ցանկի 9-րդ կետի, որի մասով ՀՀ ներմուծման փուլում Մաքսային մարմինների կողմից պահանջվելու են 2024 թվականի հուլիսի 1-ից, ինչպես նաև 6-րդ կետի, որի մասով պահանջը գործում է դեռևս 2022թ․ հուլիսի 1-ից) իրականացվելու են խիստ հսկողական միջոցառումներ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգման մասով, և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի՝ ՀՀ ներմուծման փուլում տվյալ փաստաթղթի բացակայության պարագայում ապրանքների բացթողումը մաքսային մարմինների կողմից չի թույլատրվելու։
ՀՀ-ում հավատարմագրված և ԵԱՏՄ միասնական ռեեստրում ներառված համապատասխանության գնահատման մարմինների տվյալները հասանելի են «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ պաշտոնական կայքէջի «ՌԵԵՍՏՐՆԵՐ» բաժնում՝ հետևյալ հղմամբ՝ ազգային տեխնիկական կանոնակարգեր՝ https://www.armnab.am/CertificationBodyListN և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգեր՝ https://www.armnab.am/CertificationBodyList։
Միաժամանակ, նույնաբովանդակ տեղեկատվություն առկա է նաև օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմինների մասով ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://mineconomy.am/page/400 :
Հարկ է նաև նշել, որ բացի կից ցանկերում ներառված մարմիններից՝ համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի ներկայացման համար տնտեսվարողները կարող են դիմել նաև ԵԱՏՄ միասնական ռեեստրում ներառված, ԵԱՏՄ անդամ պետությունների այլ համապատասխանության գնահատման մարմինների ևս, որոնց կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերը ընդունելի են ԵԱՏՄ ամբողջ տարածքում։
Տեղեկացվում է, որ կից ցանկում չնշված՝ ԵԱՏՄ տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերի մասով ևս հետագայում կիրառելի է լինելու նույն մոտեցումը, կատարվելու է փուլային անցում՝ ապահովելով վերը նշված իրավական պահանջի կիրառելիություն մյուս տեխնիկական կանոնակարգերի դեպքում ևս։ Կից ցանկում չներառված տեխնիկական կանոնակարգերի մասով ներմուծման ժամանակ համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման պահանջի կիրարկման վերաբերյալ կապահովվի լրացուցիչ իրազեկում։