17/01/2024 14:02
Եթե Հայաստանից մնա միայն մեկ շենք, այդ շենքում անկախ որոշումներ կայացնեն, կստացվի, որ մենք ինքնիշխա՞ն ենք. պատմաբան (Տեսանյութ)
Ինքնիշխանություն տերմինը հիմա շատ հաճախ է օգտագործվում։ Թյուր ընկալում կա, թե ինքնիշխանությունը ինքնուրույն որոշում կայացնելու մասին է, բայց ինքնիշխանությունն առաջին հերթին տարածքը տնօրինելու մասին է։ Տերմինը Վեստֆալյան համակարգի արդյունք է՝ նշանակությամբ՝ դու ինքնիշխան ես, եթե վերահսկում ես քո տարածքը, այդտեղից է ձևակերպումը՝ ինքնիշխան տարածք, Aysor.am-ի «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է պատմաբան, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը։
«Եթովպիայի օրինակը շատ խոսուն է. Հայլե Սելասիեն երկրի տարածքը կորցրեց, այստեղ-այնտեղ որոշումներ էր կայացնում, հրամանագրեր ստորագրում, հիմա հարց՝ իբրև թե սեփական որոշմամբ հրամանագիր ստորագրե՞լն է ինքնիշխանություն, թե՞ երկրիդ տարածքը տնօրինելը։ Հետևապես՝ ինքնիշխանությունը նախ սեփական տարածքները տնօրինելու, անձեռնմխելի պահել կարողանալու մասին է»։
Պատմաբանի գնահատմամբ՝ հայաստանյան քարոզչական խոսույթում ջանք է գործադրվում ինքնիշխանությունը ասոցացնել միայն որոշում կայացնելու հետ, այնինչ եթե Հայաստանից մնա միայն շենք, այդ շենքում լիովին անկախ որոշումներ կայացնենք ու ասենք՝ տեսաք, Փարիզին, Մոսկվային, Վաշինգտոնին ինչ արեցինք, դա կլինի ինքնիշխանությու՞ն։ Ինչ-որ մարդիկ, փորձագետներ անդադար Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին են խոսում՝ հղում անելով ինքնիշխանությանը, տարածքների անձեռնմխելիությանը, բայց որևէ մեկը չի հարցնում՝ երբ Հարավսլավիայի տարածքներն էին փոխում, Չեխոսլովակիա էր վերանում, Խորհրդային Միություն էր փլուզվում, Կոսովո առաջանում բա ինչու՞ այդ ժամանակ չէին հիշում Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին, այդ ակտը ստորագրող քանի երկիր չկա և քանի նոր երկիր կա։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։