17/01/2024 10:56
2023-ին Հայաստանի կարևոր ուղղություններից է եղել ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության խորացումը․ ՀՀ ԱԳՆ
2023թ. ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել եվրոպական երկրների ու կառույցների հետ քաղաքական երկխոսության խորացումը, օրակարգի ընդլայնումն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության սերտացումը, այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ նախարար Արարատ Միրզոյանի կողմից արտերկիր կատարած 40 այցերից 20-ն իրականացվել է եվրոպական ուղղությամբ:
Այցերի շրջանակներում կայացել հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների հետ, քննարկումներ գիտահետազոտական ինստիտուտներում, ինչպիսիք են Ֆրիդրիխ էբերտի հիմնադրամը և «Chatham House»-ը, ինչպես նաև մասնակցություն համաժողովների, ինչպիսիք են Դուբրովնիկի (Խորվաթիա) և Բլեդի (Սլովենիա) անվտանգային հարցերով համաժողովները:
2023թ. ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման դինամիկան առանձնահատուկ է եղել. ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակի շարունակական իրականացմանը, ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցությանը զուգահեռ հարաբերությունները համալրվել են նոր բովանդակությամբ։
ԵՄ անդամ երկրներից կայացել են նախարարի պաշտոնական ու աշխատանքային այցերը Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա, Պորտուգալիա, Իսպանիա, Մալթա, Սլովենիա, Ռումինիա և Խորվաթիա, այցով Հայաստան են ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Խորվաթիայի, Հունգարիայի և Էստոնիայի ԱԳ նախարարները:
Կայացել են հանդիպումներ և հեռախոսազանգեր ԵՄ բոլոր անդամ երկրների հետ: Նախարար Միրզոյանը մասնակցել է ԵՄ ԱլԳ նախարարական հանդիպմանը, ինչպես նաև ելույթով հանդես եկել ԱլԳ քաղաքացիական ֆորումի տարեկան նստաշրջանին:
ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ-ԵՄ երկկողմ գործընկերության՝ իրենց բովանդակությամբ ու ձևաչափով նոր զարգացումները:
ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ կողմի հրավերով Բրյուսելում մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Այս ձևաչափով առաջին քննարկումը, որը հաջորդեց Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթին, արտացոլում է խորացող քաղաքական երկխոսությունը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումների կյանքի կոչման: Նախարար Միրզոյանը ելույթով հանդես է եկել նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում:
ՀՀ-ԵՄ համագործակցությունը համալրվել է նոր ուղղությամբ ու ձևաչափով. հունվարի 26-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության անդրանիկ նիստը, իսկ 2-րդ նիստը՝ նոյեմբերի 15-ին Բրյուսելում։
Առաջնային կարևորության հարցերի շարքում՝ տարեսկզբին երկու տարի ժամկետով ՀՀ-ում տեղակայվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը, իսկ տարեվերջին կայացվել է առաքելության անձնակազմի կրկնապատկման մասին որոշումը:
Նոյեմբերի 29-ին Երևանում մեկնարկ է տրվել ՀՀ-ԵՄ ներդրումների համակարգման հարթակին: Տարեվերջին կայացել է նաև փաստահավաք առաքելությամբ ԵՄ պատվիրակության այց Հայաստան՝ միտված ոլորտային համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:
Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով ՀՀ-ին աջակցության և ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցերը քննարկվել են ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդում, որի արդյունքներով տրվել են հանրային ուղերձներ, այդ թվում՝ երկխոսության մեկնարկը դիտարկելու վերաբերյալ:
Պայմանավորված տարածաշրջանային և Լեռնային Ղարաբաղում զարգացումներով՝ տարվա ընթացքում շարունակվել է ԵՄ ներգրավածությունը Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերին: ՀՀ-ԵՄ գործընկերության և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանն ընդունել է կարևոր շեշտադրումներով մի շարք բանաձևեր: