17/01/2024 13:32
Չինաստանն Արամ Խաչատրյանի 120-ամյակը նշանավորեց հայ մեծ կոմպոզիտորի անվան միջազգային մրցույթով եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներով
2023 թվականի ավարտը Չինաստանում նշանավորվեց Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառումների շարքով։ Պեկինում առաջին անգամ անցկացվեց հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթ՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Խաչատրյանի անվան մրցույթը համատեղ կազմակերպել էին «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը, Չինաստանի ազգային օպերային թատրոնը և Չինաստանի պետական կառույցները։ Մրցույթի անցկացմանը Չինաստանում խրախուսել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չինական կողմից հրավիրված էր եզրափակիչ փուլում նվագակցելու մրցույթի մասնակիցներին, ինչպես նաեւ հանդես գալու գալա համերգի ընթացքում։ Մրցույթն անցել է բարձր մակարդակով՝ արժանանալով այդ երկրում դասական երաժշտության սիրահարների եւ մասնագետների բարձր գնահատանքին։ Ստուգատեսի գալա համերգի եւ մրցանակաբաշխության ընթացքում Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը եւ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանը բարձր գնահատեցին Արամ Խաչատրյանի անունը կրող մրցույթի անցկացումը Չինաստանում՝ կարեւորելով երկու երկրների միջեւ մշակութային կապերի ամրապնդումը։
Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրին կազմված էր հեղինակավոր երաժիշտներից՝ Յարոսլավ Նադրժիցկի, Հրաչյա Ավանեսյան, Անդրեաս Ֆլոր, Իգոր Պետրուշեւսկի, Սոյոնգ Յուն եւ այլք։ Մրցույթին մասնակցում էին ջութակահարներ ավելի քան տասը երկրից, եզրափակիչ փուլում նրանք կատարում էին Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Նշենք, որ մրցույթում հատուկ մրցանակի է արժանացել Հայաստանը ներկայացնող երիտասարդ ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, չինական կողմի հրավերով հանդես է եկել նաեւ երեք համերգով։ Համերգները կայացել են դեկտեմբերի 29-ին՝ Պեկինի ազգային օպերային թատրոնում, դեկտեմբերի 30-ին և 31-ին՝ Շինջինգշան վարչական շրջանի մշակույթի կենտրոնում։ Համերգային ծրագրերում ընդգրկված են եղել նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Մաեստրո Սերգեյ Սմբատյանն ընդգծում է, որ Արամ Խաչատրյանն իր արվեստով Հայաստանում եւ Հայաստանից դուրս շատ մարդկանց է միավորում։ Չինաստանում կայացած մրցույթի շնորհիվ բազմաթիվ երաժիշտներ սովորեցին եւ իրենց երկացանկում ընդգրկեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ դառնալով հայկական հնչյուններն աշխարհում տարածող երաժշտական դեսպաններ։
Խաչատրյանի անվան մրցույթը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները լայնորեն լուսաբանվել են չինական հեռուստաընկերություններով եւ զանգվածային այլ լրատվամիջոցներով։ Մրցույթի 3 փուլերի ուղիղ հեռարձակման արդյունքում արձանագրվել են ավելի քան 430 000 առցանց դիտումներ, իսկ նաեւ այլ լրատվամիջոցների միջոցով մրցույթի եւ Սիմֆոնիկ նվագախմբի համերգների դիտումները գերազանցել են 900 000-ը։ Դիտումների այս մեծ ցուցանիշը նպաստել է Խաչատրյանի արվեստի հանրահռչակմանը։