17/01/2024 11:00
ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարը հետաքրքրվել է արցախցիների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են․ «Զրույցի ընթացքում երկուստեք դրական է գնահատվել Հայաստանի և Բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ավելի քան 30 տարվա արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին:
Ֆիլիպպո Գրանդին առանձնահատուկ կերպով հետաքրքրվել է ավելի քան 100 հազար արցախահայ փախստականների սոցիալական և բնակարանային ապահովվածության պայմաններով, մարդասիրական այլ խնդիրներով: Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասն ներկայացրել է կարճ ժամանակահատվածում Հայաստանի կառավարության իրականացրած ծրագրերն ու միջոցառումները, որոնք ուղղված են բռնի տեղահանվածների ինչպես առաջնային, այնպես էլ համալիր խնդիրների լուծմանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային շփումներն ու սերտ համագործակցությունն առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ»: