17/01/2024 10:50
Պատրաստ ենք աջակցել տարածաշրջանային կայունությանն ուղղված նախաձեռնություններին․ Վրաստանը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին
Վրաստանը պատրաստ է համագործակցել իր հարևան երկրների հետ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների դիվերսիֆիկացման և ամրապնդման ընդհանուր նպատակին հասնելու համար։
Այս մասին ընդգծել են Հայաստանում Վրաստանի դեսպանությունից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպե՞ս է Վրաստանը վերաբերվում Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
«Մենք ճանաչում ենք Կովկասի ռազմավարական նշանակությունը որպես հաղորդակցությունների համար կենսական կարևորություն ունեցող տարածաշրջան և դրա աճող կարևորությունը կապի ապահովման գործում:
Վրաստանը պատրաստ է համագործակցել հարևան երկրների հետ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների դիվերսիֆիկացման և ամրապնդման մեր ընդհանուր նպատակին հասնելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը, տնտեսական աճին և կապերի ընդլայնմանը»,- նշել են Վրաստանի դեսպանությունից։