17/01/2024 09:31
«Ժողովուրդ». Ինչ ուշագրավ իրադարձութուններ են ծավալվել Հակակոռուպցիոն դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանի դատական նիստից առաջ ուշագրավ իրադարձութուններ են ծավալվել Հակակոռուպցիոն դատարանում:
Ըստ այդմ՝ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյայի գործով դատարան ներկայացած կանանցից մեկի մոտ եղել է ծալովի դանակ, որը կարգադրիչները հայտնաբերել են և առգրավել: Երբ դիմեցինք ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ լուրի իսկությունը պարզելու, հայտնեցին, որ դատական կարգադրիչների մոտ առկա է արգելված իրերի ցանկ, և այն բոլոր քաղաքացիները, որոնց մոտ հայտնաբերվում է որևէ արգելված իր, առգրավվում է և նիստի ավարտից հետո վերադարձվում քաղաքացուն:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանի գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ քննության:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նույն բաժնի առաջատար մասնագետ Արման Նվերի Հարությունյանի հետ նախնական համաձայնությամբ, ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալով, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող «Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Գերասիմի Գևորգյանի նկատմամբ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման հետ կապված ընդհանուր բերեհաճ վերաբերմունքի համար 2023 թվականի հուլիսի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքում Կամո Գևորգյանից ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք-գումար, որը վերջինս անձամբ տվել է Տիգրան Մարտիրոսյանին, որը ստացված կաշառք-գումարից 150.000 դրամը հաջորդ օրը փոխանցել է Արման Հարությունյանին։ Սա, իհարկե, պաշտոնապես: Պետք է դեռ պարզվի, թե ինչ կապ ունի այս պատմությունների հետ Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը, որը աղմկահարույց կերպար է»։