17/01/2024 15:49
Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունը չի արտահայտում Իսրայելի իրական պետական քաղաքականությունը. Սերգեյ Մելքոնյան
Իսրայելի Արտաքին գործերի նախարարն օրերս անդրադարձել էր Թուրքիայի նախագահի՝ Գազայում ցեղասպանության մեղադրանքներին։ «Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող Թուրքիայի նախագահը պարծենում է, որ Հաագայի դատարան է փոխանցել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող նյութեր»:
APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն Aysor.am-ի հետ զրույցում մեկնաբանում է՝ Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությունը չի արտահայտում Իսրայելի իրական պետական քաղաքականությունը։ Պետական մակարդակով Իսրայելը երբեք թույլ չի տա, որ Հոլոքոստի հետ նույնացվի Հայոց ցեղասպանությունը, Իսրայելին պետք է, որ Հոլոքոստն ընկալվի իբրև բացառիկ մի բան, որովհետև այն Իսրայելի թե՛ պետական, թե՛ ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն է։
«Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ բերում են ձախական կամ կենտրոնական ճամբարի ներկայացուցիչները, պարզապես իրենք երբեք մեծամասնություն չեն։ Վերջին տարիներին Իսրայելում իշխում են աջական, կրոնական ճամբարները և իրենց համար Հայոց ցեղասպանության հարց օրակարգում չկա։ Արդարության համար պետք է նշել, որ Իսրայելի քաղաքներում հուշարձաններ դրվում են, բայց դա հիմնականում արվում է հայ համայնքին գոհացնելու համար։
Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը նաև Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերություններով պայմանավորված։ Թուրքիան առաջին մուսուլմանական պետությունն էր, որ ճանաչեց Իսրայելը որպես պետություն, այնուամենայնիվ, հատկապես 2010 թվականից սկսած՝ երկու երկրների հարաբերությունները վատթարացան»։
Միջազգայնագետն ընդգծում է՝ Թուրքիան շարունակում է իրեն դիրքավորել որպես մուսուլմանական աշխարհի առաջնորդներից մեկը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գլխավոր ուժային կենտրոններից մեկը, որտեղ էլ բախվում են Իսրայել-Թուրքիա շահերը․ «Այդուհանդերձ, որևէ ուղղակի քայլ Իսրայելի դեմ Թուրքիան չի անում, Իրանը, օրինակ, կոչ արեց, որ մուսուլմանական երկրները դադարեցնեն նավթի մատակարարումը, որի շնորհիվ Իսրայելի ռազմական մեքենան գործում է Գազայում։ Ադրբեջանը Թուրքիայի տարածքով նավթ է մատակարարում Իսրայելին, Թուրքիան այս ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում։
Կարևոր է ընդծել՝ Թուրքիան երբեք գործնական, լուրջ քայլեր չի անում Իսրայելի դեմ, հաճախ՝ ճիշտ հակառակը։ 2020 թվականին Արցախյան երրորդ պատերազմում Իսրայելն ու Թուրքիան նույն ճամբարում էին, այդ երկրները համագործակցում են նաև տարածաշրջանում հետախուզության ոլորտում, համատեղ օպերացիաներ են իրականացնում իրանական ցանցի դեմ, բայց դա չի նշանակում, որ հարաբերությունները լարված չեն»։