17/01/2024 14:37
Ադրբեջանի քաղաքացու գլխավորությամբ՝ ավազակախումբը ՌԴ-ում ծեծել է անցորդներին
Բելգորոդում հայտնվել է դեռահասների ավազակախումբ, որի անդամները հարձակվել են անցորդների վրա, ծեծել ու նվաստացրել նրանց` հանուն տարածում գտնող տեսանյութերի։ Ավազակախմբի պարագլուխը Ադրբեջանի քաղաքացի է․ նա ձերբակալվել է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Газета.ru-ից:
Ըստ հետաքննության՝ նրանք գործել են ազգային ատելության դրդապատճառներից ելնելով. տեսանյութերից մեկում վիրավորանք է հնչում ռուսների հասցեին։
Դեռահասները փողոցներում մեծ խմբով դաժանաբար հարձակվել են պատահական երիտասարդ տղաների ու տղամարդկանց վրա, ոտքերով հարվածել նրանց, այդ թվում՝ գետնին ընկածներին։ Այս գործողությունների տեսագրությունն այնուհետև մոնտաժվել է երաժշտության ներքո և տեղադրվել Telegram-ում:
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է, որ Բելգորոդի բնակիչներին ծեծի ենթարկած երիտասարդների նկատմամբ քրեական գործ է հարուցվել ազգային հողի վրա ատելություն սերմանելու համար։
«Պարզվել է տեղի 17-ամյա բնակչի ինքնությունը, որն ադրբեջանցի է. նա մասնակից է եղել այդ հակաիրավական գործողություններին», - նշել է Քննչական կոմիտեն Telegram-ում։
Մնացած կասկածյալներն այժմ որոնվում են։ Հետաքննությանն օգնում է Անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային վարչությունը։
Սկզբում դեռահասներին մեղադրել էին ավելի մեղմ՝ խուլիգանության մասին հոդվածով։ Հունվարի 16-ի կեսօրին ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը Telegram-ում գրել էր, որ նրանց դեմ գործ է հարուցվել ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն մի խումբ անձանց կողմից):
«Դեռ 24 ժամ չանցած՝ Բելգորոդի ոստիկանության գործընկերները պարզեցին գործով անցնողների ինքնությունը և այժմ միջոցներ են ձեռնարկում նրանց ձերբակալելու համար։ Հայտնի է, որ նրանցից երեքը նախկինում դատվածություն են ունեցել... Տուժածներից մեկը հարցաքննվում է», - պարզաբանել է Վոլկը՝ բոլոր տուժածներին ու վկաներին խնդրելով հնարավորինս արագ դիմել ոստիկանություն:
Ըստ հրապարակման՝ ավազակախմբի պարագլուխը ձերբակալությունից հետո «ամբողջ ռուս ժողովրդի առջև» ներողություն է խնդրել իր թույլ տված սխալի համար։