17/01/2024 12:02
Նախագահը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ
Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը և վստահություն հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:
ԱՄՀ կառավարիչ-տնօրենն իր խոսքում առանձնահատուկ շեշտել է վերջին տարիներին Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով, որ տարածաշրջանում կայուն և վերջնական խաղաղության հաստատման պարագայում տնտեսական աճի առավել լայն հնարավորություններ և ուղղություններ կարձանագրվեն։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել ներկայում առկա մարտահրավերների և համաշխարհային տնտեսության զարգացման ու առաջընթացի վրա դրանց ազդեցության վերաբերյալ: