18/01/2024 11:57
Բանակցային գործընթացում իշխանության ամբողջ քաղաքականությունը եղել է հասարակությանը թմրեցնելը. Մանուկյան
Նիկոլ Փաշինյանը երեկ իր հայտարարություններով ցույց տվեց, որ բացարձակ չի տիրապետում դիվանագիտական նրբություններին, չի տիրապետում նույնիսկ բանակցությունների տարրական կանոններին, Աժ-ում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Նա բանակցային ոչ մի սկզբունքի մասին չխոսեց, փոխարենը խոսում է այնպիսի տեխնիկական հարցերի մասին, որոնք Ալիևը հեշտությամբ կոտրում և հակադարձում է։ Իսկ հայկական կողմից որևէ սկզբունքի շուրջ չկա հստակ մոտեցում»,-ասաց Մինասյանը։
«Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն էլ ասաց, որ բանակցային գործընթացում իշխանության ամբողջ քաղաքականությունը եղել է հասարակությանը թմրեցնելը։
«Ամեն օր հետևողական մեկ բառ են ասում՝ խաղաղություն, դրա համար անվտանգային ոչ մի բարձիկ չստեղծելով։ Այսօր լոկ թմրանյութի պես «խաղաղություն» բառը կերակրելով՝ հասարակությանը չեն պատրաստում, զգոն չեն պահում։ Ուղղակի իմիտացիա են ստեղծում, բայց անզեն աչքով նկատելի է, որ այն, ինչ հիմա քննարկվում է, դրա վերաբերյալ հայկական կողմը չունի հստակ դիրքորոշումներ։ Իսկ այդ փաստաթուղթը, որ պետք է ստորագրվի, ամբողջությամբ ադրբեջանական օրակարգ է և խաղաղության չի բերում Հայաստանին»,-նշեց Մանուկյանը։