18/01/2024 11:22
Ամուլսարի հանքի շահագործումը բազմաթիվ մտահոգություններ է փարատում. կառավարությունը կստանա «Լիդիան Արմենիա»-ի կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ՀՀ կառավարությանը կնվիրաբերի իր կապիտալի 12.5 տոկոս բաժնետոմսերը։
Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը կվերապահվի Էկոնոմիկայի նախարարությանը, կկնքվի համապատասխան պայմանագիր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին 6 տարվա ընթացքում պարբերաբար առնչվել են Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին, եղել են բազմաթիվ մտահոգություններ ու կառավարությունը գնացել է բոլոր մտահոգությունների հետևից։
«Այն ժամանակ, երբ մենք բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք, հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը։ Շատ ողջունելի է, որ ներդրողները ցանկացել են, որ Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, մասնակցություն ունենա ու բաժնեմաս ունենա նախագծի մեջ»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ամեն տարի ազդակիր համայնքներին կվճարվի 7 միլիոն դոլար։ «Տվյալ դեպքում ազդակիր համայնքներն են Ջերմուկը, Սիսիանը և Վայքը»,- ասաց նա։
Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով, ըստ Փաշինյանի, բազմաթիվ մտահոգություններ է փարատում ու լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսական աճի ու տնտեսական զարգացման համար։
«Մենք հույս ունենք, որ, իսկապես, Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ, կառավարությունն այս հարցում կլինի հետևողական»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։