18/01/2024 13:17
ՀՀ-ն չի ստորագրել ՀԱՊԿ փաստաթղթերը, դեռ քննարկում է. ԱԳ նախարարի տեղակալ
Հայաստանը դեռ չի միացել Մինսկում ընդունված ՀԱՊԿ փաստաթղթերին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
«Այդ հարցին անդրադարձ կլինի»,- ասել է նախարարի տեղակալը։
Պատասխանելով հարցին` այսինքն քննարկվո՞ւմ է, միանալ, թե՞` ոչ, ասել է. «Այո՛, քննարկվում է, հապաղում չկա, ընթացքի մեջ է»:
Հարցին`կա՞ն խնդրահարույց կետեր, որոնց պատճառով Հայաստանը չի միանում, Մնացական Սաֆարյանն ասել է. «Երբ որոշումը լինի, կտեղեկացնենք»:
Հիշեցնենք, որ հայկական կողմը հրաժարվել էր մասնակցել 2023 թվականի նոյեմբերի 22-ին Բելառուսի մայրաքաղաքում անցկացված ՀԱՊԿ հանդիպումներին։ Այդ նիստերի շրջանակներում մի շարք փաստաթղթեր էին ընդունվել, որոնք Երևանը չի ստորագրել։ Փաստաթղթերը փոխանցելու նպատակով դեկտեմբերի 21-ին Հայաստան էր այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։