18/01/2024 14:05
Մեղադրյալի կինը դեպքից հետո զանգահարել է սպանվածների հարևանին՝ փորձել հանդիպել. ընթանում է Պեմզաշենի դաժան սպանությունների դատավարությունը
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով դատավարությունը։
Մեղադրող կողմը ներկայացրեց գործին առնչվող ապացույցները՝ վկաների ցուցմունքները, տեղանքի զննությունը, դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները։
Ըստ մեղադրող կողմի՝ սպանված մոր՝ Զարինե Մելքիսեթյանի հարևանը՝ Արմենուհի Ռափյանը, նկարագրել է, որ դեպքի օրը լսել է ոչ սովարական ձայներ, ճիչեր, բղավոցներ, բայց չի արձագանքել, քանի որ մտածել է, որ երեխայի վրա է մայրը բարկանում։ Նա լրացուցիչ ցուցմունքով նշել է, որ Արկադի Բարսեղյանի կինը՝ Արփինե Սարգսյանը, զանգահարել է իրեն, փորձել դեպքից հետո հանդիպել և պաշտպանի հետ հանդիպումներ կազմակեպել հետագայում ցուցմունք ստանալու մասով, սակայն ստացել է մերժում։
Գործում տեղ է գտել նաև վարորդ Սայադ Միքայելյանի ցուցմունքը, ով մեղադրյալ Վրույր Բասեղյանին իր մեքենայով տարել է Արթիկ քաղաք, նկարագրել է՝ ուր է տարել, ինչ վիճակում էր, ինչ համազգեստով էր, նաև հայտնել է ժամանակ առ ժամանակ Արկադի Բարսեղյանի մեքենան Զարուհի Մելքիսեթյանի տան կողքին կանգնած լինելու հանգամանքը։
Գործում մեղադրական հիմքի ապացույցը եղել են նաև այն կանանց ցուցմունքները, որոնց հետ դեպքի հաջորդ օրերին Վրույր Բարսեղյանը գումարի դիմաց ունեցել է սեռական հարաբերություն, և վերջինիս մարմնական վնասվածք ստացած լինելու տվյալներ են հայտնել։
Այլ վկաների ցուցմունքներ ևս ներկայացվեցին, ովքեր հետագայում դատարանում ևս կհարցաքննվեն։
Նշենք, որ մեղադրյալի աթոռին նույն գյուղի բնակիչներ 41-ամյա Արկադի և 32-ամյա Վրույր Բարսեղյաններն են: Նիստը նախագահում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։