18/01/2024 17:02
2023թ. ոչ մարտական պայմաններում 83 մահվան դեպք է գրանցվել. Ժաննա Ալեքսանյան
Եթե համեմատենք տարիներ առաջվա հետ բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի վիճակագրությունը, ապա նկատելի է, որ մահերի թիվն ավելացել է. հրավիրված ասուլիսին ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Նա նշեց, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ անցյալ տարի բանակում ոչ մարտական պայմաններում 83 մահվան դեպք է գրանցվել։ «Ոչ մի պատասխանատվության զգացում չունեն՝ վարչապետից սկսած մինչև նախարար»,-ասաց նա։
Ըստ նրա, հունիսին զորմասում հրդեհից հետո զինվորների մահերից հետո մտածում էին, որ ինչ-որ բան պետք է տեղից շարժվի, բայց ոչ։ «Հանրության առաջ չկա բացատրություն։ Այդ մայրերի առաջ չկա բացատրություն, թե ինչու են իրենց որդիները սպանվում, երբ իրենց պատասխանատվության ներքո են գտնվում, երբևէ չենք լսում Պապիկյանի ելույթներն այդ ժամանակ, թե ինչ են արվելու դեպքերը կանխելու համար»,-ասաց նա՝ նշելով, որ նախկինում՝ Սեյրան Օհանյանի ժամանակ գոնե տեսնում էին, որ գնում էր զորմասեր, հանդիպում զոհերի հարազատներին, ցավակցում։
«Երբ մեկ ամսում 15 դեպք է լինում, դու հասկանում ես, որ ոչինչ չի արվում, իրենց բարձունքներից միայն հանձնարարականներ տվող են, մարդկային կյանքերն իրենց վրա չեն ազդում»,-ասաց նա։