18/01/2024 16:08
Ալեն Սիմոնյանն ու Փաշինյանի աներորդի՞ն չէին «Վիվարոյի» սեփականատերերի հետ զվարճանում, օգտվում նրանց բարիքներից ու ասում, թե խաղամոլությունը զարգացել է․ Պատգամավոր
Ինչքան խոսում են բանակում իրականացվող բարեփոխումների մասին, այդքան ունենում ենք ավելի վատ պատկեր. Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա բարձրաձայնեց՝ ԶՈւ-ն ղեկավարում են մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել։
Թովմասյանն անդրադարձավ նաև երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած բանակում խաղամոլության մասին հարցին:
«Խաղամոլությունը Հայաստանում մինչև 2018-ը 3 մլրդ դրամի շրջանառություն ուներ, այսօր այդ թիվը հասել է 5 տրլն-ի: Ո՞վ է պատասխանատուն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օգտվում է խաղամոլություն քարոզող ու տարածող ընկերությունների ծառայություններից: «Վիվարոյի» սեփականատերերի հետ ո՞ր պաշտոնյաներն էին Հունաստանի կղզիներում զվարճանում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյա՞նը չէր, Նիկոլ Փաշինյանի աներորդի, պատգամավոր Հրաչյա Հակոբյա՞նը չէր: Իրենք օգտվում են խաղամոլության բարիքներից ու հիմա ասում են՝ խաղամոլությունը զարգացել է, սպան դրա պատճառով ինքնասպան է եղել: Բա բարոյահոգեբանական իրավիճակն ուսումնասիրելու, բանակի ներսում մթնոլորտը վերականգնելու, իրավիճակին տիրապետելու ձեր կարողությունն ո՞ւր մնաց: Բա ժամանակին բացահայտեք, փորձեք կանխել»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը խրոխտ պոկում էր կախիչներն ու ցնցուղները. «Այսինքն՝ կախիչն ավելի կարեւոր է, քան զինվո՞րը: Մեկ շաբաթում երեք զինվոր մահացավ․ ոչ մի պաշտոնանկություն, ոչ մի ներողություն:
Սեյրան Օհանյանի ժամանակ մարդիկ դիակով գալիս էին Երեւան, ճանապարհ էին փակում, հիմա մարդիկ տանը նստած ողբում են, պահանջատեր չեն, սա շատ վատ բան է: Այս ապատիան կարող է շատ ավելի դաժան հետեւանքներ ունենալ»,-ասաց նա: