18/01/2024 09:41
«Հրապարակ». Հ1-ի լուրերի տնօրենին նկատողություն է հայտարարվել ծաղկամանի պատմության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 19-ին «Հրապարակն» անդրադարձել էր Հանրային հեռուստաընկերությունում տիրող բարքերին։ Գրել էինք նաև մի դեպքի մասին, երբ Հանրայինի լուրերի տնօրեն Լուսինե Բարսեղյանը լրագրողներից մեկի վրա այնպես էր բարկացել, որ նրա ուղղությամբ ծաղկաման էր շպրտել, և վերջինս խուսանավել էր հարվածից ու սենյակից դուրս թռել։
Մենք դիմել էինք Հ1` փորձելով ճշտել, թե ինչ գնահատականի է արժանացել Բարսեղյանի այս արարքը։ Հ1-ից լղոզված պատասխան են տվել. «Հանրային հեռուստաընկերությունը մշտապես ուսումնասիրում է մամուլի հրապարակումները հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում պատշաճ կերպով արձագանքում է տվյալ հրապարակումներին»։
Սակայն մենք տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո Հանրայինի տնօրինությունը` Հովհաննես Մովսիսյանը, Լուսինե Բարսեղյանին նկատողություն է հայտարարել ծաղկամանի պատմության համար։ Հ1-ի աշխատակազմից հաստատեցին մեր լուրը` խնդրելով իրենց հղում չտալ: Բարսեղյանը Հ1-ում ահուսարսափի մթնոլորտ է ձևավորել և պարբերաբար խոստանում է իրեն չենթարկվողներին «բոմժ սարքել»»։