19/01/2024 14:24
Ադրբեջանցիները Արավուսից մոտ 230 ոչխար են գողացել. Տեղի համայնքապետն ու ավագանու անդամը մանրամասներ են ներկայացնում
Այսօր Տեղ համայնքի Արավուս բնակավայրի սահմանին միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանցիները 200-ից ավելի ոչխար են գողացել։
Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
«Կա նման բան, այդ մասով աշխատանքներ են տարվում։ Այս պահին ավել բան չեմ կարող ասել, տեղս հարմար չի», - նշեց Ղուլունցը։
Տեղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն էլ ավելացրեց, որ մոտ 300 ոչխար է եղել. «Արոտի ժամանակ է եղել։ Մի քիչ մոտիկացել են իրենց սահմանին, իրենք էլ գողացել, տարել են։ Հովիվը 73-ին վերցրել, փախել է, էն 230-ը տարել են»։
Հարցին՝ այդտեղ հայկական սահմանին սահմանապահներ չկա՞ն կանգնած, ավագանու անդամը նշեց. «Իհարկե, կան, աշխարհազորը կանգնած է։ Աշխարհազորից 50 մ այն կողմ իրենց պոստն ա։ Ո՞նց են տարել։ Կրակելու հրաման էլ չեն տալիս, չեն թողնում»։
Դիտարկմանը, թե համայնքի ղեկավարի խոսքով աշխատանքներ են տարվում, մինչ այս պահն ի՞նչ է արվել, Հովսեփյանը նշեց. «Եթե համայնքի ղեկավարը տանում ա, դե թող տանի»։