ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամ ալիքում գրել է.
«Իհարկե, այսօր ավելի հեշտ է թվում պաշտոնյային վիրավորելը կամ ստեր տարածելը: Ժամանակին նման եզակի դեպքերն իրենց արձագանքն էին ստանում կա՛մ շենքի մուտքերում ծեծ ուտելով, կա՛մ շատ ու շատ պաշտոնյաներ որոշ այսօրվա իբր արդար և ազնիվ, հայրենիքի դարդը լացող լրագրող կամ խմբագրերի դեմքին ծրարով դոլար էին «ճպացնում»:
Անունը դնում էին՝ դե օգնենք, որպեսզի ԶԼՄ-ն կայանա: Դրա դիմաց ԶԼՄ-ն ուղղակի անտեսում էր պաշտոնյային, հյուր էր կանչում մեկին, ով կգովա հովանավորին, կամ գոնե նյութ գրելիս մականունը չէր գրում, կամ էլ կախված ծրարի ճտոցի ուժգնությունից և ծանրությունից՝ նույնիսկ գովերգում էր պաշտոնյային:
Հիմա պաշտոնյա վիրավորելու կամ սուտ ասելու մեջ հերոսություն չկա, ո՛չ ակնկալվող փող կա, ո՛չ էլ կծեծեն: Նենց որ, շատ մի ոգևորվեք:
Բայց կա հիմա նաև օրինական տարբերակ՝ պարզապես չալարել և դիմել դատարան: Մի տեղ պարտվել մի տեղ հաղթել: Ու այ սենց բոլոր նրանք, ովքեր իրենց թույլ կտան վիրավորել, զրպարտել ինձ, իմ ընտանիքի անդամներին, խելոք ներողություն են խնդրելու և վճարելու են փոխհատուցում:
Իրենք, բնական է, այդ ընթացքում կմեղադրեն դատարաններին, կասեն՝ ներողություն են խնդրում, որովհետև օրինապաշտ են, բայցեր ու բացատրություններ կբերեն ու խելոք ներողությունը կխնդրեն և կվճարեն դատարանի սահմանած այս կամ այն քանակի գումարը:
Սա առաջին ու վերջին օրինակը չէ, և մոտ ապագայում դեռ շատ այսպիսի բանախոսների օրինակներ եմ հրապարակելու, որոնց բերում և հատուկ խոսեցնում են, որ վիրավորանք կամ զրպարտանք արտաբերեն, իրենց հրավիրող բիզնեսմեն խմբագիրների, քաղաքական գործիչների և հին մասնագիտություն ունեցող բոլգերների, ովքեր իմացել են, թե ինչպես կարելի է ինտերնետով եթեր մտնել»։
Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Վոլոդյա Հովհաննիսյանի:
Հայցը ներկայացվել էր «Ալեն Սիմոնյանի եղբայրը 100 մլն. դոլարի ասֆալտի փող է ստացել. Վոլոդյա Հովհաննիսյան» վերնագրով տեսանյութի առնչությամբ, որը հեռարձակվել է 28.11.2022թ.-ին Հայելի ակումբի յութուբյան ալիքով, ինչպես նաև տեղադրվել hayeli.am կայքում և ֆեյսբուքյան էջում:
Դատարանը վճռել է Վոլոդյա Արտաշի Հովհաննիսյանին պարտավորեցնել վիրավորանքի և զրպարտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: