19/01/2024 14:04
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը դարձյալ հետաձգվեց
Ինչպե արդեն տեղեկացրել էինք, այսօր շարունակվում էր ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ պաշտպանի կողմից միջնորդություն էր ներկայացվել, որպեսզի Խաչատրյանին թույլ տրվի երկրից բացակայել՝ արտերկրում վիրահատվելու համար։
Նախորդ մի քանի նիստը հետաձգվել էր։
Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ իր պաշտպանյալն ի վիճակի չէ ներկա գտնվելու դատական նիստին։
Դատավորն էլ ասաց, որ առանց ամբաստանյալի չեն կարող շարունակել նիստը։ Նիստը հետաձգվեց։ Այն տեղի կունենա հունվարի 31-ին՝ ժամը 11։00-ին։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։
Ըստ մեղադրանքի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ կողմից կնքված պայմանագրի դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ 79.372.897.900 ՀՀ դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34.328.964 ՀՀ դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5.000.000 եվրոյին համարժեք 2.624.000.000 ՀՀ դրամ ներդրում կատարելու պարտավորությունից:
Նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 34.328.964 ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2.624.000.000 ՀՀ դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը։ Գագիկ և Կարեն Խաչատրյանները մեղադրանքը չեն ընդունում։