19/01/2024 11:09
Նախագահը կարճատև զրույցներ է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, ԱՄՆ նախկին պետքարտուղարի և Արգենտինայի նախագահի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Հանրապետության նախագահն ու Արգենտինայի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի և հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ծրագրերի ու հնարավորությունների կյանքի կոչման վերաբերյալ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արգետինայի նախագահի կողմից նախաձեռնած և իրականացվող տնտեսական բարեփոխումներին: Կարևորվել են հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ջանքերը:
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ ունեցած կարճ զրույցում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի սկզբունքային մոտեցումների վերաբերյալ:
ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ տարածաշրջանային հիմնախնդիրները հնարավորինս արագ իրենց լուծումը կստանան, ինչը կերաշխավորի կայունություն և զարգացում ամբողջ ռեգիոնի համար: Երկուստեք շեշտվել է մեր տարածաշրջանում վերջնական խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման հրամայականը:
Հանրապետության նախագահն ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցում անդրադարձել է մեր տարածաշրջանում առկա իրադրությանն ու անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հեռանկարներին ու հնարավորություններին:
Զրուցակիցներն ընդգծել են նաև ժողովրդավարական արժեքների պաշտպանության և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդմանն ուղղված սկզբունքային դիրքորոշումների կարևորությունը: