19/01/2024 13:53
Եթե մենք ասում ենք՝ ուզում ենք լինել իրավական, ժողովրդավարական պետություն՝ կներեք, 5 տարի տևող դատական գործով չի կարող այդ հարցը լուծվել. Փաշինյան
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալները վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները: Զեկուցվել է, որ նախարարության բյուջեի կատարողականը կազմել է 99.4%:
Նախարարության կողմից իրականացվել է Ներքին գործերի նախարարության ստեղծման և 2023թ. հունվարի 1-ից գործարկման ողջ գործընթացը:
Վարչապետին են ներկայացվել դատական համակարգի բարեփոխումները: 2023թ. հունիսի 15-ից գործում է Վերաքննիչ հակակոռուպցիոն նոր դատարանը` ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան մասնագիտացված քննությունը:
Ավելի քան 250 դատավորի աշխատավարձ էապես բարձրացել է: Առաջին ատյանի դատարաններում` 60%-ով, վերաքննիչ դատարաններում` 55%-ով:
Ներդրվել է դատավորների ընտրության նոր հատուկ կարգ, որով դատավորների թեկնածուները բարդ քննություն հանձնելով կարճ ժամանակում նշանակվում են որպես դատավոր։ Արդյունքում՝ այժմ գրեթե ամբողջությամբ համալրված է դատական համակարգը: Երևանում ձևավորվել են առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարանները:
Դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով՝ այսուհետ բանկերը, ՈՒՎԿ-ները, կոմունալ և բջջային օպերատորները 2 միլիոն դրամը չգերազանցող բռնագանձման պահանջով դիմումները ներկայացնում են նոտարներին, այլ ոչ թե դատարան։ Արդյունքում շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների բեռը. ակնկալվում է, որ 2000-4000 գործ ունեցող քաղ. դատավորները գարնանից կունենան 200-300 գործ: Դատարանները մասամբ ազատվել են արբիտրաժային վճիռներով կատարողական թերթեր տրամադրելուց և տարեկան շուրջ 13.000 նման գործ այլևս չի մտնում դատարան:
Անդրադառնալով դատարանների գործունեության ու ծանրաբեռնվածության հետ կապված հարցին՝ վարչապետը նշել է. «Մենք դատավորների խնդիրն էլ պետք է նկատի ունենանք: Կա՞ ստանդարտ միջազգային, ես չգիտեմ 2 տարում թե 4, բայց մենք պետք է այդ ստանդարտն ապահովենք: Եվ նորից եմ ասում՝ դա մենք դատավորների ու մեզ համար չենք անում՝ մենք անում ենք արդարադատությունը հասանելի դարձնելու համար: Եթե մենք ասում ենք՝ ուզում ենք լինել իրավական, ժողովրդավարական պետություն՝ կներեք, 5 տարի տևող դատական գործով չի կարող այդ հարցը լուծվել»:
Գործարկվել է նոր Արբիտրաժային կենտրոնը, կազմակերպվել է նոր հաշտարարների ուսուցման դասընթաց, որի արդյունքում որակավորում է ստացել 14 նոր հաշտարար:
Ներկայացվել է դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների ցուցանիշը, ըստ որի՝ հաշվետու ժամանակահատվածում հարուցվել է 31 կարգապահական վարույթ: Վերջին մեկ տարում դադարել է 33 դատավորի լիազորություն, որից 10-ը՝ կարգապահական վարույթների հիման վրա:
Բարելավել են դատարանների շենքային պայմանները, մասնավորապես՝ հիմնանորոգվել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շենքը, վերանորոգվել է ԲԴԽ խորհրդակցական սենյակը, Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանը տեղակայվել է Թբիլիսյան 3/9 հասցեում նոր հիմնանորոգված տարածքում: Մեկնարկել է դատարանների շենքերի ստանդարտացման երկարաժամկետ ծրագիր:
Զեկուցվել է, որ նախորդ տարում ընդունվել է Հակակոռուպցիոն 2023-2026թթ․ ռազմավարությունը: Ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվել. Հակակոռուպցիոն դատարանի բոլոր դատավորներն անցել են վերապատրաստում, առաջին ընթերցմամբ ընդունվել են դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության նոր կառուցակարգերը: Մշակվել են կուսակցությունների ֆինանսական գործունեության թափանցիկության և ԿԿՀ կողմից վերահսկողության կառուցակարգերի լավարկման նախագծերը: Մշակվել են պետական և համայնքային պաշտոնյաների վարքագծի նոր կանոններ:
Կատարելագործվել է ազդարարման համակարգն ու մեկնարկել է իրազեկման համապետական արշավ: Իրականացվել է բոլոր պետական մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների կարողությունների զարգացում: Օրենքով հստակ սահմանվել են պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվերներ ընդունելու արգելքը, «նվեր» հասկացությունը, առաջին ընթերցմամբ ընդունված օրենքով սահմանվում են պետական սեփականություն դարձող գույքի տնօրինման եղանակները, դրանք տնօրինող մարմինները:
Ներկայացվել է միջազգային պարտավորությունների իրականացման ընթացքը։ Հաստատվել է ԵԽ ԳՐԵԿՈ 4-րդ գնահատման փուլի «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» զեկույցը: Լայնածավալ բարեփոխումների, ինչպես նաև ՀՀ պատվիրակության բանակցությունների արդյունքում ՀՀ-ն հաղթահարել է անհրաժեշտ շեմը:
Ամփոփվել է ՏՀԶԿ 5-րդ փուլի «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» մոնիթորինգային զեկույցը:
Զեկուցվել է, որ մշակվել է անհայտ կորածների և գերիների վերաբերյալ օրենքի հայեցակարգը: ԱՆ նախաձեռնությամբ վավերացվել է 13-րդ լրացուցիչ արձանագրությունը՝ բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին։
Ներկայացվել են Հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները. ԱԺ է ներկայացվել 25 տարի առաջ ընդունված ԴԱՀԿ մասին օրենքի փոխարեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր օրենքի նախագիծը:
Իրականացված բարեփոխումների շնորհիվ ՀԿԱԾ-ը՝ ի տարբերություն 2018 թ. -1.2 մլրդ դրամ բացասական եկամտաբերությամբ պետական հիմնարկի, 2023 թ. արդյունքներով դարձել է +1.4 մլրդ դրամ եկամտաբերությամբ կառույց, իսկ 2023թ. գանձված կատարողական ծախսերի չափը 15.5%-ով ավելի է 2022թ. ցուցանիշից:
Նախորդ տարում հաստատվել են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026թթ. նոր ռազմավարական ուղղությունները: Զեկուցվել է, որ գերմանական մոդելով նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման փաթեթը փոխանցվել է Քաղաքաշինության կոմիտե, առկա է մրցույթում հաղթող կազմակերպություն, որը մինչև 2024թ. նոյեմբեր կներկայացնի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Ներկայումս իրականացվում է հողաշերտի փորձաքննություն տեղանքում կառուցապատման նպատակահարմարությունը պարզելու համար: Շահագործման է հանձնվել «Արմավիր» ՔԿ հիմնարկի օդափոխության, համակցված ջեռուցման և օդորակման համակարգը։ Ընթացիկ վերանորոգումներ են իրականացվել տարբեր ՔԿՀ-ներում: «Արմավիր» ՔԿՀ- ում առաջին անգամ ներդրվել է տեսազանգի միջոցով հանրային պաշտպան-վստահորդ հաղորդակցության պիլոտային ծրագիրը:
Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները պատշաճ իրականացնելու համար ձեռք է բերվել 660 էլեկտրոնային հսկողության սարք:
Ներկայացվել է Իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից իրականացված գործունեությունը, որի արդյունքում փորձագիտական եզրակացություն է տրվել 5002 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ (2022թ. համեմատությամբ գրանցվել է 15% աճ):
Արդարադատության նախարարությունը մեկնարկել է լայնածավալ թվայնացման գործընթաց, որի արդյունքում 2023թ. թվայնացվել են մի շարք համակարգեր՝ սնանկության, հաշտարարության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ինչպես նաև առաջին անգամ գործարկվելու է ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատավարությունը:
2023-ին «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռք է բերվել 90 մասնագիտական նոր սարքավորում՝ փորձաքննությունները ճշգրիտ և ժամանակին իրականացնելու համար, արդյունքում՝ միայն 2023-ին իրականացվել է 3500 փորձաքննություն:
Անդրադարձ է կատարվել նոտարական ոլորտին՝ նշվել է, որ արմատապես փոխվել է նոտարների քննության և նշանակման կարգը: Նվիրատվության գործարքներն այսուհետ կկնքվեն միայն նոտարական վավերացմամբ՝ հաշվի առնելով նաև այն, որ վերջին տարվա ընթացքում գործարքի իրական նպատակը` առուվաճառքը, նվիրատվությամբ քողարկելու միտում էր նկատվում, ինչի մասին վկայում էր նվիրատվության գործարքների կտրուկ աճը:
2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են Պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: 2023թ. ընթացքում ներկայացվել է 51275 հայտարարագիր:
Կառավարություն է ներկայացվել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առաջին նախագիծը: Հունվարից կսկսվի Խորհրդի կողմից վերջնական քննարկումների փուլը:
Ոլորտային քաղհասարակության հետ համագործակցությամբ և Freedom House-ի աջակցությամբ մշակվել է ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների ներդրման և օրենսդրական ճանաչման փաթեթ: