19/01/2024 11:46
Սուր ցավեր են առաջանում, նախապես ցավազրկողներ պետք է ներարկեն, դրա համար ուշանում է. Գագիկ Խաչատրյանի պաշտպան (Տեսանյութ)
Մեկնարկել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ փաստաբանները միջնորդել են, որպեսզի նրան թույլ տան բուժման նպատակով երկրից դուրս գալ։
Նիստն արդեն մի քանի անգամ հետաձգվում է։
Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը պետք է դատարան տեղափոխվի շտապօգնության մեքենայով՝ համապատասխան բժիշկների ուղեկցությամբ.«Այդ ամենը սուր ցավեր են առաջացնում, դրա համար նախապես ցավազրկողներ են ներարկում, որպեսզի դատական նիստին որոշակի մասով կարողանա ներկա գտնվել։ Բայց նոր ինձ տեղեկացրեցին, որ ներարկում պետք է կատարվի, սակայն խնդիրներ են առաջացել երակների հետ կապված, այսինքն՝ չի ստացվում, իրենց բառով ասած, «երակ մտնել»։ Հիմա մի քիչ ձգձգվում է, բայց կարծում եմ՝ կես ժամվա ընթացքում կներկայանա դատական նիստին»։
Լրագրողների այն հարցին, թե ինչու Խաչատրյանը չի տեղափոխվում Գերմանիա՝ փաստաբանը շեշտեց, որ խնդիրը պետական մարմինների թույլ չտալն է.«Ամեն անգամ, երբ մենք ասում ենք՝ թույլ տվեք, որ գնա վիրահատության, քանի որ եթե չի վիրահատվում, կոնքի օրգանների խնդիրներ են առաջանում, վերջույթներն են թուլանում, 2019 թվականից թույլ չեն տալիս այս վիրահատությունը կատարել։ Դրա համար էլ հիմա անվասայլակով է տեղաշարժվում։ Խնդիրը կա, բոլորը դրա մասին գիտեն, բազմիցս ստուգել են պետական հանձնաժողովներով, բոլորը միաբերան հաստատել են, որ վիրահատության կարիք կա և դա պետք է արվի արտերկրում, քանի որ Հայաստանում հնարավոր չէ»։