19/01/2024 18:09
«Աբովյան» ՔԿՀ-ում ներկայացվել է «Սրտի վալետ» կատակերգությունը
«Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությունը, «ԷԼ-ՄԱՐ նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթամշակութային ՀԿ-ի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպել է «Սրտի վալետ» կատակերգության ցուցադրումը, որի ռեժիսորը նշյալ կրթամշակութային կազմակերպության նախագահ, դերասան Արմեն Դալլաքյանն է, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:
Սա երկու կազմակերպությունների համատեղ երկրորդ ծրագիրն է։ Առաջին ծրագրի շրջանակներում 9 քրեակատարողական հիմնարկներում ցուցադրվել էր 44-օրյա պատերազմին նվիրված «Արյան կանչը» ֆիլմը։
Ներկայացումից հետո «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացչությունն ու «Հանուն ազատության» ՀԿ-ն նվերներ են հանձնել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անչափահաս ազատազրկված անձանց և իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող ազատազրկված կանանց երեխաներին։