19/01/2024 09:49
«Ժողովուրդ». Ովքեր են ՔՊ-ի դրամահավաքի նվիրատուների ցուցակի հաջորդ քառյակում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հրապարակում է նախորդ տարի հուլիսի 31-ին տեղի ունեցած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի մանրամասները: Ինչպես հայտնի է, Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին «հանձնարարված է» եղել կլորիկ գումարներ հանգանակել իշխանական կուսակցությանը. ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 996 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 509 085 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1 մլն 262 հազար 681 դոլար: ՔՊ-ի դրամահավաքին, ինչպես արդեն գրել էին, հանգանակություններ էին արել «ԲԱՍ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ն, ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը, ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության նախկին պետ Խորեն Գրիգորյանը, Երևանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը և այլ հետաքրքիր դեմքեր։
Այս անգամ ներկայացնում ենք ցուցակի հաջորդ հետաքրքիր քառյակին։ ՔՊ-ի դրամահավաքին 200 հազար դրամ հանգանակել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։ Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի անդամ Գեղամ Բրսոյանը դրամահավաքի ամենաշռայլ նվիրատուներից էր, որը հանգանակել է 2 մլն 500 հազար դրամ։ Բանն այն է, որ նման շռայլություն դրսևորելուց հետո նա, ՔՊ ցուցակում լինելով հանդերձ, չընդգրկվեց Երևանի ավագանու ցանկում։ ՔՊ ավագանու ընտրացուցակում ընդգրկված և ավագանու անդամ չդարձած Շողիկ Վիրաբյանը ևս 2 մլն 500 հազար դրամ է հանգանակել։ 2 մլն 500 հազար դրամ էլ ՔՊ դրամահավաքին հանգանակել է 2022 թվականի ապրիլի 20-ին ՀՀ ԱԻ նախարարի օգնական նշանակված Տաթևիկ Հակոբյանը։ Որտեղից այս պաշտոնյաներին այդքան գումար՝ դժվար չէ կռահել, բայց թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի «կոռուպցիան մերժող» թիմը ընդունել նրանցից կասկածելի ծագման շռայլությունները, միանգամայն անհասկանալի է»։