20/01/2024 19:08
Անգիոգրաֆիա․ Ի՞նչ է պետք իմանալ հետազոտությունից առաջ
Անգիոգրաֆիան ախտորոշիչ հետազոտություն է, որի ժամանակ կոնտրաստային նյութը ներմուծվում է հիվանդի արյունատար անոթների մեջ, որպեսզի ռենտգենի օգնությամբ դրանք տեսանելի դառնան։
Անգիոգրաֆիան կամ անոթագիրը օգնում է բժիշկներին հետազոտելու արյունատար անոթները՝ զարկերակներն ու երակները, և հայտնաբերելու անոթային ախտահարումներ ու շեղումներ, արյան մակարդուկներ (թրոմբ) կամ անոթների հետ կապված այլ խնդիրներ։
Օրինակ, սրտային անգիոգրաֆիան թույլ է տալիս հետազոտել սրտամկանը սնուցող անոթները՝ պսակային զարկերակները։ Նույն կերպ, անգիոգրաֆիան կիրառվում է գլխուղեղի, երիկամների, ստորին և վերին վերջույթների և մարմնի այլ շրջանների անոթների հետազոտության համար։
Մինչև բուն հետազոտությունը նշանակվում են մի շարք այլ ախտորոշիչ հետազոտություններ, ինչպիսիք են էլեկրտասրտագրությունը, արյան թեստերը կամ ռենտգեն հետազոտություն։
Որոշ դեպքերում բժիշկը կարող է ցուցում տալ, որ պացիենտը հետազոտությանը ներկայանա քաղցած: Այլ դեպքերում գուցե անհրաժեշտ լինի լի միզապարկով այցելել ախտորոշիչ կետրոն։
Հնարավոր ռիսկերը կանխելու համար անպայման բժշկին տեղեկացրեք, եթե՝
ընդունում եք որևէ դեղամիջոց,
ունեք կամ անցյալում ունեցել եք ալերգիայի որևէ տեսակ,
ունեք կամ անցյալում ունեցել եք երիկամային խնդիրներ (հատկապես՝ երիկամային անբավարարություն և դիաբետ) կամ այլ հիվանդություններ։
Մինչև բուն հետազոտությունը սկսելը, ներարկվում են տեղային անզգայացնող դեղամիջոց ձեռքից կամ աճուկային շրջանում՝ ըստ անգիոգրաֆիայի տեսակի։ Կարող են նաև նշանակել հանգստացնող կամ տագնապամարիչ դեղամիջոցներ, որոնք փոքր ինչ քնկոտություն կառաջացնեն։
Այնուհետև բժիշկը ձեռքից կամ աճուկային շրջանից արյունատար անոթի մեջ կտեղադրի ստերիլ բարակ խողովակ, որը զգուշությամբ առաջ կտա այնքան՝ մինչև հասնի հետազոտման ենթակա շրջանի անոթներ։
Հաջորդ փուլով բժիշկը կոնտրաստային նյութը կներարկի տեղադրված կաթետրի մեջ և կանցկացնի հետազոտման ենթակա օրգանի կամ շրջանի ռենտգեն նկարահանումներ։ Հետազոտվող օրգանի անոթներում հայտնված կոնտրաստային նյութը ռենտգեն պատկերների վրա ցույց կտա արյունատար անոթների ձևը, եթե խցանումներ կան՝ դրանց տեղակայումը և ախտորոշիչ նշանակություն ունեցող այլ մանրամասներ։ Այս ընթացքում պացիենտին կխնդրեն մնալ անշարժ դիրքում։ Ներարկված կոնտրաստ նյութը հետազոտությունից ժամեր անց օրգանիզմից հեռանում է մեզի միջոցով։
Կոնտրաստ նյութի ներարկման ժամանակ հիվանդը կարող է զգալ կարճատև ջերմության զգացում։ Որոշ մարդկանց մոտ ի հայտ են գալիս նաև սրտխառնոց, կրծքավանդակում տհաճ զգացողություններ և այլ նշաններ, որոնք սովորաբար արագ անհետանում են։
Անգիոգրաֆիայի ժամանակ առկա ռիսկերից է նաև այն, որ հիվանդի մոտ կոնտրաստային նյութի նկատմամբ ալերգիկ ռեակցիա կարող է դրսևորվել։ Կա նաև արյունազեղման կամ արյունահոսության փոքր ռիսկ։ Մինչ հետազոտությունը, բոլոր հուզող հարցերը պետք է քննարկել հետազոտող բժշկի հետ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ