20/01/2024 20:44
Լազերային բլեֆարոպլաստիկա․ Ո՞ւմ է հակացուցված
Բլեֆարոպլաստիկան պլաստիկ վիրահատության տեսակ է, որը նախատեսված է կոպերի դեֆեկտները, ձևախախտումները շտկելու և ակնային շրջանը էսթետիկորեն ձևափոխելու համար։ Մաշկի և ենթամաշկային բջջանքի հատվածների հեռացման կամ ռեպոզիցիայի, ինչպես նաև համապատասխան մկանային և ջլային հյուսվածքների ամրացման շնորհիվ բլեֆարոպլաստիկան հնարավորություն է ընձեռնում շտկելու հարակնային շրջանի ֆունկցիոնալ և կոսմետիկ խնդիրները։
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան։ Կարող են դիմել բոլոր պացիենտները, և մեկ-երկու օրվա ընթացքում կատարել միջամտությունը։
Վերջին տարիներին կիրառվում է լազերային ստորին բլեֆարոպլաստիկայի ամերիկյան մեթոդը, որի պարագայում տրանսկոնյուկտիվալ լազերային բլեֆարոպլաստիկայի միջոցով ճարպային գրպանիկներից հեռացվում է ճարպը՝ լազերային հղկման հետ համատեղ, այսպիսով, խուսափելով վերքի՝ հետևաբար սպիի առաջացումից։
Լազերային բլեֆարոպլաստիկան ունի նաև որոշակի հակացուցումներ, որոնք ներառում են ՝ուռուցքաբանական խնդիրներ, շաքարային դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություններ, հղիություն, կանանց մոտ` լակտացիայի շրջան, այլ քրոնիկ հիվանդություններ:
Լազերային բլեֆարոպլաստիկա ունի որոշակի տարիքային սահմափակում, կատարվում է ըստ ցուցումի՝ 18-70 և ավելի տարիքի անձանց մոտ։ Երիտասարդ տարիքում լազերային բլեֆարոպլաստիկա իրականացվում է վերին կոպի իջեցման դեպքում։ 40-ն անց տարիքային խմբում բլեֆարոպլաստիկա կատարվում է տարիքային փոփոխությունները շտկելու համար, սակայն, հաշվի առնելով լազերային բլեֆարոպլաստիկայի հետվիրահատական թեթև ընթացքը և արագ վերականգնումը, տարիքային տարբերությունը պացիենտների համար չնչին է։
Հաճախ լազերային բլեֆարոպլաստիկա կատարած պացիենտները հաջորդիվ դիմում են այդ շրջանում բոտոքսի ներարկման, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս կատարել նեյրոտոքսինի ներարկումները միայն բլեֆարոպլաստիկայից երկու շաբաթ անց, քանի որ նախապես կատարելու դեպքում բոտուլոտոքսինի արդունավետությունը կարող է թուլանալ։
Գրագետ կատարած լազերային բլեֆարոպլաստիկայից հետո արդյունքը պահպանվում է 7-10 տարի, իսկ հետվիրահատական շրջանում լազերային հղկումների միջամտությամբ` ընդհուպ մինչև 15 տարի։
Վիրահատությունից հետո ցանկալի է լինել ուշադիր և տանել համապատասխան խնամք. խորհուրդ է տրվում օգտագործել մաշկը խոնավացնող միջոցներ՝ հետագայում կրկնակի վիրահատությունից խուսափելու համար։
Լազերային վիրահատության առավելություններից է նաև այն, որ միաժամանակ հնարավոր է վիրահատել և՛ վերին, և՛ ստորին կոպերը, որը կրճատում է նաև հետվիրահատական շրջանը։
Լազերային բլեֆարոպլաստիկայի դեպքում՝ ի տարբերություն ավանդական կամ սովորական բլեֆարոպլաստիկայից հետո ընդհուպ 1-2 ամիս պահպանվող կապտուկների, նման խնդիր չի առաջանում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ