20/01/2024 09:56
«Հրապարակ». Իշխանությունը շարունակում է ԶԼՄ-ների դեմ ոտնձգությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մի խումբ մարդիկ հավաքվել էին կառավարությունում՝ քննարկելու «Տեղեկատվության ազատության և հանրային տեղեկությունների մասին» օրենքի փոփոխությունները։ Քննարկումը կազմակերպել էր Արայիկ Հարությունյանը, մասնակցել են նրա տեղակալ Տարոն Չախոյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, էկոնոմիկայի նախկին նախարար, այժմ ինչ-որ հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը։ Բնականաբար, ներկա է եղել նաև իշխանությունների սիրելի «քաղհասարակությունը»․ Լևոն Բարսեղյան, Նունե Սարգսյան, Հովսեփ Խուրշուդյան և այլք:
Ներկաների մեծ մասը ոչ մի կապ չունի տեղեկատվության ազատության և մամուլի հետ, մյուսները պարբերաբար խանգարում են լրատվամիջոցների աշխատանքին և վնասում խոսքի ազատությանը։ Քննարկմանը որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ՝ խմբագիր կամ լրագրող, ներկա չի եղել, չի հրավիրվել Ժուռնալիստների միության նախագահը։ Իշխանությունը շարունակում է ԶԼՄ-ների դեմ ոտնձգությունները և տեղեկատվության ազատության ոտնահարումները»։