20/01/2024 09:46
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանը իրավապահներին հայտնել է, որ որևէ մեկին չի կասկածում իր տան կրակոցների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը իրավապահներին հայտնել է, որ որևէ մեկին չի կասկածում իր տան կրակոցների գործով և չի կարողանում հասկանալ, թե ով կարող էր նման բան անել:
ՀՀ քննչական կոմիտեն, Թաթուլ Ասիլյանից բացի, հարցաքննել է նաև նրա կնոջը: Եվ, ահա, մեզ հասած բացառիկ տեղեկություների համաձայն՝ Ասիլյանի կինը հայտնել է իրավապահներին, որ կասկածում է, թե Հարություն Հարությունյանն է իր տան վրա կրակել:
Ահա, Ասիլյանի կնոջ ցուցմունքի հիման վրա էլ, Հարություն Հարությունյանին կալանավորել են: Սակայն Հարություն Հարությունյանը պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի:
Հիշեցնենք՝ հունվարի 14-ին կրակոցներն էին արձակվել ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա: Իրավապահների գործողությունների արդյունքում՝ երեկ կալանավորվեց Հարություն Հարութունյանը, որը առավել հայտնի է ՈՒջանցի Հարութ անունով: Ըստ լուրերի՝ նա Ասիլյանի քրոջ ընկերն է:
Ի դեպ, ArmLur.am-ը գրել էր, որ ուշագրավ իրադարձություններ են կատարվում այս քրեական գործով. բանն այն է, որ դատարանի որոշմամբ՝ հունվարի 17-ին կալանքի պետք է տանեին Հարություն Հարությունյանին: Արդյունքում՝ իրավապահները Հարություն Հարությունյանին «Նուբարաշեն» ՔԿՀ են տանում այն ժամանակ, երբ կալանքի ժամկետը անցած է լինում, և քրեակատարողական հիմնարկը, կալանքի ժամկետը անցնելու հիմքով, հրաժարվում է Հարությունյանին կալանավորել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներն Ասիլյանի տան վրա կրակոցների գործով անցնող Հարություն Հարությունյանին տանում են ոստիկանության Նաիրիի բաժին: Մեր տեղեկություններով՝ Հարություն Հարությունյանի հարազատներն ասում են, որ նրան ապօրինի կերպով են պահում անազատության մեջ: Վերջիններս պնդում են, որ Հարությունյանին ազատ արձակեն, և որ իրենք չեն խուսափի կրկին ներկայանալ իրավապահներին. սակայն, կալանքի ժամկետն անցել է, և Հարություն Հարությունյանին դեռևս ապօրիի կերպով պահում են անազատության մեջ մինչև կալանքի նոր որոշում կբերեն»։