20/01/2024 09:52
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածքով Արմավիրի համայնքապետը դարձավ Արմավիրի մարզպետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզ այցից հետո պաշտոնանակ արված մարզպետին՝ Էդուարդ Հովհաննիսյանին, փոխարինեց Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։ Ներկայացնենք, թե ինչ ունեցվածքով Արմավիրի համայնքապետը դարձավ Արմավիրի մարզի մարզպետ։ Հետաքրքիրն այն է, որ նախկին համայնքապետը Արմավիրի մարզում որևէ անշարժ գույք կամ բնակարան չի հայտարարագրել։ Դավիթ Խուդաթյանը 2018 թվականի հոկտեմբերի 27-ին է ստանձնել համայնքապետի պաշտոնը, դրանից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, ձեռք է բերել համատեղ սեփականությամբ բնակարան Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Բնակարանը, ըստ հայտարարագրի, հիփոթեքով է ձեռք բերված, որն արժեցել է 19 մլն 485 հազար դրամ։ Հենց այս պատճառով էլ Խուդաթյանը ՀՀ ֆինանսների նախարարից ստացել է 1 մլն 521 հազար դրամ, որն էլ հիփոթեքի մայր գումարը մարելու համար եկամտահարկի վերադարձ է։ Խուդաթյանը տրանսպորտային որևէ միջոց չի հայտարարագրել։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 510 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն 800 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 8 մլն 661 հազար դրամ, որից 7 մլն 140 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է եղել ՀՀ Արմավիրի մարզի համայնքապետի աշխատակազմից»։