21/01/2024 12:02
Աջակցում ենք հայ-ադրբեջանական ջանքերին, որով հող է պատրաստվում Հարավային Կովկասի խաղաղ ապագայի համար
Ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոյի այցը Բաքու չի կայացել, քանի որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է նրան ընդունել։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույցում մի շարք հայտարարություններ արեց, որոնք ոչ միայն ավելի բարդ դրություն ստեղծեցին բանակցային գործընթացի համար, այլև անգամ թիրախավորեցին միջնորդ պետություններին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին։ Վերջինիս մասով Ալիևը շեշտեց, որ ԱՄՆ-ին չի ընկալում որպես անաչառ կողմ։ Այս կապակցությամբ Radar Armenia-ն դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը՝ պարզելու համար ԱՄՆ դիրքորոշումը։
- Ադրբեջանական ԶԼՄ-ները փոխանցում են, որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է ընդունել ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին, ինչպես նաև չի ճանաչում ԱՄՆ-ին որպես անկողմնակալ միջնորդ։ Ինչպե՞ս կարող եք սա մեկնաբանել։
- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը չի բացելու Հայաստանի հետ սահմանները, քանի դեռ Ադրբեջանից դեպի Նախիջևան անխոչընդոտ միջանցք (առանց անվտանգային, մաքսային և սահմանային վերահսկողության) չի տրամադրվել Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Արդյո՞ք այս նախապայմանն ընդունելի է ԱՄՆ կառավարության համար։
Այս հարցերին ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են.
«Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն հաճախ է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին։ Պարոն Բոնոն կանոնավոր կերպով խոսակցություն է ունենում Հայաստանում և Ադրբեջանում տարբեր առանցքային ներկայացուցիչների հետ՝ աջակցելու խաղաղության գործընթացին։
Ընդհանուր առմամբ, մենք աջակցում ենք հայ-ադրբեջանական ջանքերին, որոնք հող են պատրաստում Հարավային Կովկասի բնակչության՝ առավել խաղաղ ու բարգավաճ ապագայի համար։ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում աջակցելու այդ ջանքերին՝ լուծելու երկարատև խնդիրները և հասնելու արժանապատիվ ու կայուն խաղաղությանը»։