22/01/2024 14:28
Ծայրահեղ այլանդակություն է. Արամ Մանուկյանի արձագանքը Սահմանադրությունը փոխելու մասին Փաշինյանի հայտարարությանը. Aravot
Aravot.am-ի խնդրանքով՝ ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Ծայրահեղ այլանդակություն է»
«Սահմանադրությունը փոխելը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է: Թուրքիան դա պահանջում է, քանի որ Անկախության հռչակագիրը, որին հղում է անում Սահմանադրությունը, անդրադառնում է Ցեղասպանության ճանաչմանը, իսկ Ադրբեջանը՝ Հռչակագրի՝ 1989-ի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ և ԼՂ վերամիավորման մասին որոշմանը հղում կատարելու համար: Փաշինյանի մտադրությունը ծայրահեղ այլանդակություն է», - ասել է Արամ Մանուկյանը:
«Պահանջում են թույլից»
Քաղաքական գործիչը հարց է հնչեցրել՝ ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք այդպիսի պահանջ չի ներկայացվել Երևանին: «Որովհետև պահանջում են նրանից, ով թույլ է, վախեցած և պատրաստ զիջումների», - նշել է ՀԱԿ փոխնախագահը: Անդրադառնալով Արարատ լեռան թեմային՝ Մանուկյանը հայտնել է, որ Թուրքիային հետաքրքրիր չէ Հայաստանի խորհրդանիշերում Արարատը կա, թե ոչ, բայց այն հեռացնելու պահանջ են դնում՝ որպես «թույլին խեղճացնելու միջոց»:
«Փաշինյանի նման աննախադեպ բան էր»
Մանուկյանը զուգահեռներ է արել եվրոպական մայրցամաքում առկա նույնանման ազգային կոնֆլիկտների հետ՝ ընդգծելով, որ «Եվրոպայում չկա մի պետություն, որը կողքի պետության հետ ինչ-որ խնդիր չունենա»: Նա որպես օրինակ բերել է Հունաստանի անհաշտությունը Հյուսիսային Մակեդոնիայի հետ, վերջինիս անվան առնչությամբ՝ հավելելով, որ «սա չի նշանակում, որ մի պետությունը մյուսին կարող է պահանջներ ներկայացնել իր անվան կամ պետական սիմվոլների հետ կապված»: Նախկին պատգամավորի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը «իր նման աննախադեպ բան էր»:
«Փաշինյանը ոտնահարում է Սահմանադրությունը»
Հարցին ի պատասխան՝ արդյո՞ք, այնուամենայնիվ, պետք է փոխել մայր օրենքը, Արամ Մանուկյանը շեշտել է, որ Սահմանադրությունը չի կարող փոխվել, կարող է փոփոխությունների ենթարկվել: «Նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին հայտարարելով՝ Փաշինյանը ոտնահարում է Սահմանադրությունը, քանի որ Սահմանադրությունն ունի անփոփոխելի հոդվածներ, ինչը նշանակում է, որ այն հիմնովին չի կարող փոխվել, նույնիսկ հանրաքվեի միջոցով», - Aravot.am-ին փոխանցել է Արամ Մանուկյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։