23/01/2024 19:31
Խոսքի խանգարում՝ երեխաների մոտ․ Ինչ անել
Ապրաքսիան հազվադեպ հանդիպող խոսքային խանգարում է, որի ժամանակ երեխաները դժվարանում են անհրաժեշտ հնչյունները և բառերն արտաբերելու համար բերանի հստակ շարժումներ կատարել։
Ապրաքսիան զարգանում է, երբ գլխուղեղը չի կարողանում կարգավորել բերանի, շրթունքների, ստորին ծնոտի և լեզվի հստակ շարժումները։ Նույնիսկ եթե ապրաքսիայով անձը գիտի, թե ինչ է ցանկանում ասել, միևնույն է, դժվարանում է արտաբերել անհրաժեշտ հնչյունները, վանկերը և բառերը։
Խոսքի ապրաքսիան սովորաբար հայտնաբերվում է այն ժամանակ, երբ երեխան սկսում է թոթովել իր առաջին բառերը, և կարող է շարունակվել մինչև չափահաս տարիք։ Չափահասների մոտ ապրաքսիա կարող է առաջանալ գլխուղեղի վնասվածքների կամ դեմենցիայի պատճառով։
Խոսքի ապրաքիան հայտնի է նաև որպես զարգացման վերբալ դիսպրաքսիա։
Խոսքի ապրաքսիան խիստ անհանգստացնող և սթրեսային վիճակ է, քանի որ դժվարացնում կամ անհնարին է դարձնում այլ մարդկանց հետ հաղորդակցումը։ Ապրաքսիայով երեխաները ավելի հավանական է, որ ունենան կարդալու և գրելու, ինչպես նաև՝ փոքր և մեծ մկանների շարժունակության և կորդինացիայի հետ կապված դժվարություններ, նոր հմտություններ ձեռք բերելու հետ կապված խնդիրներ և այլն։
Խնդիրը երեխաների մոտ կարող է արտահայտվել հետևյալ ախտանշաններով
սնվելու հետ կապված դժվարություններ,
քչախոսություն,
խոսքի զարգացման ուշացում,
նույնիսկ ընտանիքի անդամների կողմից երեխայի խոսքը հասկանալու հետ կապված դժվարություններ,
շրթունքների և լեզվի ճիշտ ու հստակ շարժումների հետ կապված դժվարություններ,
բառի սխալ արտաբերվող մասի շեշտադրում,
բառերի որոշ հնչյունների բացթողում կամ ավելացում,
խիստ աղքատիկ բառապաշար,
դանդաղ և հաճախակի ընդմիջվող խոսք։
Խոսքի ապրաքսիան երբեմն առաջանում է գեներով կամ գլխուղեղի որևէ ախտահարմամբ (ինչպիսին է ինսուլտը) պայմանավորված։
Ապրաքսիան նաև կարող է կապված լինել այլ հիվանդությունների հետ, ինչպիսիք են` Դաունի համախտանիշը, աուտիզմի սպերկտրի խանգարումներ, Կուլեն դե Վրիեսի համախտանիշ և այլն։ Սակայն, ավելի հաճախ որևէ պատճառ չի հայտնաբերվում և հազվադեպ հանդիպող վիճակ է, քանի դեռ երեխան չի հասել մինչև 3-4 տարեկան։
Ապրաքսիայի առկայությունը հաստատելու կամ խոսքի խանգարումը գնահատելու համար խոսքի թերապևտը կարող է առաջարկել որոշ հետազոտություններ։
Բուժումը ներառում է խոսքի թերապևտի հետ աշխատանք, որի նպատակն է սովորել հնչյունների ճիշտ արտասանություն։ Որքան շուտ սկսվի բուժումը, այնքան ավելի լավ արդյունքներ կարելի է սպասել։ Սովորաբար նշանակվում են շաբաթական մի քանի անգամյա դասընթացներ։ Ժամանակի ընթացքում դասընթացների հաճախականությունը կարող է նվազեցվել։
Կախված երեխայի տարիքից, կան ապրաքսիայի բուժման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են հնչյունների, բառերի կամ արտահայտությունների ճիշտ արտաբերմանը։ Օգնել կարող են նաև մանկական հոգեբանները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ