23/01/2024 16:28
Դրական միտումը, որ կար հայ-ադրբեջանական հարաբերություններում, չշարունակվեց. հուսով ենք՝ Ադրբեջանը շուտով կվերադառնա կառուցողական դաշտ. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի միջև կապուղի կա, բայց խաղաղության պայմանագրի վերաբերյալ խմագրական առաջարկների փոխանակումը տեղի է ունենում ԱԳՆ-ների միջև, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ դրական միտումը, որ կար դեկտեմբերի 7-ին գերիների վերադարձով, չշարունակվեց։
«Ճիշտ հակառակը, հետընթաց է, հետընթաց՝ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից»,- ասաց ԱԳ նախարարը։
Ըստ Միրզոյանի՝ այդուհանդերձ, Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին ու հույս ունի, որ Ադրբեջանը շուտով կվերադառնա կառուցողական դաշտ։
ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ Հայաստանի համար սկզբունքային չէ՝ արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները տեղի կուենան միջնորդների միջոցով, թե երկկողմ։
«Մեզ համար սկզբունքային է բանակցությունների բովանդակությունը»,- ընդգծեց նա՝ շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունները շարունակելուն։
Ինչ վերաբերում է սահմանին հանդիպմանը՝ նա ասաց, թե նման առաջարկ չի արվել Հայաստանին։
«Եթե ստանանք՝ կմտածենք, կդիտարկենք, կարձագանքենք»,- ասաց Միրզոյանը։
Երկրների ղեկավարների մակարդարկով հանդիպման պայմանավորվածություն առայժմ չկա, բայց ջանքեր գործադրվում են։
Արարատ Միրզոյանը կարծում է, որ միջազգային ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում չափազանց կարևոր է այն պատճառով, որ խաղաղությունը, որ պետք է հաստատվի, բխում է ոչ միայն երկու երկրների շահերից, այլ նաև տարածաշրջանային դերակատարների շահերից։