23/01/2024 18:58
«Դատավորի շուրթերով գործող իշխանությունն է խոսում»․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հետ կապված ես, մեր պատգամավոր ընկերները, Հայաստանի ու արտերկրի մի շարք հեղինակավոր անձինք անձնական երաշխավորություն էինք ներկայացնել:
Նշեմ, որ Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն էին ներկայացրել նաև գործիչներ, ովքեր նրա հետ քաղաքական առումով տարբեր դաշտերում են եղել` «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Որպես կանոն, դա ամուր հիմք է կալանքի տակ գտնվող անձի խափանման միջոցի փոփոխման հարցում, բայց՝ նորմալ երկրներում:
Արմեն Աշոտյանի գործով դատավորը ոչ միայն դա հաշվի չի առել, այլև եզրակացրել է, որ այսքան հեղինակավոր անձանց երաշխավորությունը հավելյալ ապացույց է, որ Աշոտյանը հեղինակություն է և, դրսում գտնվելով, կարող է ազդել գործով անցնող այլ անձանց նկամամբ:
Ի դեպ, սա այն դեպքում, որ պատգամավորներն Արմեն Աշոտյանի մոտ մուտք ունեն և եթե ցանկանային մեկի վրա ազդել` կազդեին:
Այստեղ ակնհայտ է, որ դատավորի շուրթերով գործող իշխանությունն է խոսում, ով իր անբարոյականություններն արդարացնելու համար ամեն ինչի պատրաստ է:
Նոր բան առանձնապես չի եղել, ուղղակի արձանագրենք ու առաջ անցնենք»: