23/01/2024 17:46
Նիկոլ Փաշինյանը կարևորում է Հայաստանում Բելգիայի դեսպանություն բացելու որոշումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին, հայտնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է նաև․
«Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում՝ ի նպաստ հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բելգիայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը և վստահություն հայտնել, որ դրա արդյունքում երկու երկրների միջև փոխգործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի: Վարչապետն ընդգծել է Բելիգայի աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:
Էրիկ դե Մույնքը նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերի շարունակական զարգացման նպատակով: Դեսպանը կարևորել է առևտրատնտեսական փոխգործակցության խթանումը, ինչպես նաև այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Բելգիայի սերտ համագործակցությունը նպաստում է նաև ՀՀ-Եվրոպական միություն փոխգործակցությանն ու դրա զարգացմանը»: