23/01/2024 21:31
«Ունակ լինենք պատերազմելու, որ ստիպված չլինենք պատերազմել»․ Գերմանիայի ՊՆ
Գերմանիայի զինված ուժերը (Բունդեսվեր) զգալիորեն մեծացրել են զինտեխնիկայի և զինամթերքի գնման ծավալները, ZDF հեռուստաալիքի եթերում ասել է Գերմանիայի Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը
«Մենք այժմ գնումներ ենք կատարում մեծ մասշտաբով և արագացված տեմպերով»,- ասել է նա։
Պիստորիուստը նշել է, որ զինամթերքի ու զրահատեխնիկայի պատվերները գրեթե ամբողջությամբ կատարվել են, մի մասն էլ շուտով կմատակարարվի զինված ուժերին։
«Մենք կարող ենք ավելի շատ ու արագ պատվիրել, բայց արդյունաբերությունն էլ պետք է հասցնի արտադրել»,- հավելել է նա։
Գերմանիայի պաշտպանության նախարարը ասել է նաև, որ որևէ կոնկրետ գրոհի իրենք չեն նախապատրաստվում, այլ պատրաստվում են դիմակայել սպառնալիքին, «որը չգիտես՝ տեղի կունենա՞ արդյոք և երբ տեղի կունենա»։
«Դա նշանակում է, որ պետք է ամբողջությամբ զինված լինես, ինչն էլ մենք անում ենք՝ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ»,- ասել է Պիստորիուսը՝ նույն տրամաբանության շրջանակում դիտարկելով նաև Լիտվայում Բունդեսվերի բրիգադի տեղակայումը։
«Այն պետք է մարտական ամբողջական պատրաստականության հասնի մինչև 2027 թվականը։
Բանաձևը սա է՝ ունակ լինել պատերազմելու, որպեսզի ստիպված չլինես պատերազմել»,- իր մոտեցումն է ներկայացրել Պիստորիուսը։
Նշենք, որ ավելի վաղ նա քննադատության էր ենթարկվել նմանատիպ մեկ այլ հայտարարության համար. ասել էր, որ «Գերմանիան պետք է պատրաստ լինի պատերազմի»։