23/01/2024 13:28
«Հայաստանի պատմությունը» սահմանափակում է մեր ամբողջ հայոց պատմության շրջանը, մեր պատմիչները, որ գրում էին «Հայոց պատմություն»՝ դա չէին հասկանո՞ւմ. Էդիկ Մինասյան
Ես չգիտեմ՝ այդ որ պատմաբաններն ու մասնագետներն են առաջարկել «Հայոց պատություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն», բայց ես՝ ինքս գտնում եմ, որ ճիշտ չէ այդ մոտեցումը. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Իսկ դրանից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ ու մասնագետներ դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով դպրոցներում դասավանդվող «Հայոց պատություն» առարկան վերանվանել Հայաստանի պատմություն և այդ առաջարկն իրեն ցնցել է։
««Հայաստանի պատմությունը» սահմանափակում է մեր ամբողջ հայոց պատմության շրջանը, նշանակում է՝ դրա միջից դուրս է մնում Կիլիկյան Հայոց պետականության պատմությունը, գաղթօջախների պատմությունը, սփյուռքի պատմությունը, իսկ դա ճիշտ չէ։ 5-րդ դարի մեջ պատմիչները, որ գրում էին «Հայոց պատմություն»՝ Խորենացուց սկսած, մյուս բոլորը չէին հասկանո՞ւմ։ Բացի այդ, մեր ամբիոններն էլ կոչվում են Հայոց պատմության ամբիոն, ոչ թե Հայաստանի պատմության»,-ասաց նա։
Մինասյանը նշեց, որ իր համոզմամբ՝ «Հայոց պատմությունը» միանշանակ պետք է մնա։ «Մենք մեր ամբիոնով էլ նիստեր կանենք, կքննարկենք, մեր առաջարկները և առարկությունները հիմնավորումներով կներկայացնենք ԿԳՄՍ նախարարությանը։ Մինչև փետրվարի 2-ը պետք է ներկայացնենք»,-ասաց նա։