23/01/2024 09:54
«Հրապարակ». Ադրբեջանը հրաժարվում է բանակցային բոլո՞ր հարթակներից. Միրզոյանն ասուլիսում կխոսի՞ այս մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ օրերս կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Ադրբեջանը հրաժարվում է բանակցային բոլոր հարթակներից։ «Մենք տեսնում ենք, որ մեր կառուցողականությունը երբեմն նույնկերպ չի արտացոլվում մեր հարևանների վարքագծում։ Մենք ներգրավված ենք եղել բանակցություններում, ի թիվս այլոց, նաև Եվրոպական Միության աջակցությամբ, և ներկայումս տեսնում ենք, որ Ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում»,- նշել է նա:
Տպավորություն է, որ Ալիևը մերժում է թե՛ ռուսական, թե՛ արևմտյան հարթակները։ Մինչդեռ, ԱԳՆ մեր աղբյուրների պնդմամբ, խոսքը միայն եվրոպական հարթակների մասին է, և Միրզոյանն այդ մասին, ըստ երևույթին, ավելի պարզ կխոսի իր այսօրվա ասուլիսում։ Բանն այն է, որ մի քանի օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսում հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության պայմանագիր ստորագրել, և այս հայտարարությանը պաշտոնական Բաքուն չի հակադարձել, որևէ առարկություն չի հայտնել»։