23/01/2024 09:44
«Ժողովուրդ». Որքան պարտք ունի Freenews-ը և որքանն է մարել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հեռուստաընկերության՝ Freenews-ի նկատմամբ։ Այս տեղեկությունների հետևից գնալով՝ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն՝ հասկանալու համար, թե էլ որ հեռուստաընկերություններն են ենթարկվել պատժամիջոցների, և որոնք ունեն չվճարված պարտքեր։
ԲՏԱ նախարարությունից մեզ պատասխանեցին, որ հունվարի 1-ի դրությամբ հանրային մուլտիպլեկսում հեռարձակվող հեռուստատեսություններից 3-ը կուտակել են ժամկետանց դեբիտորական պարտք. «Ա-Թիվի» ՍՊԸ-ն կուտակել է 32 մլն ՀՀ դրամ պարտք, «Ֆրինյուզ» ՍՊԸ-ն՝ 23,3 մլն ՀՀ դրամ, «Ֆորտունա» ՍՊԸ-ն՝ 5,4 մլն ՀՀ դրամ։
Հարկ ենք համարում նշել, որ 2024 թվականի հունվարի 18-ի դրությամբ «Ա-Թիվի» ընկերությունը 32 մլն ՀՀ դրամ պարտքից մարել է 13,3 մլն ՀՀ դրամ գումարը։ Ընկերությունը պարտքի մյուս մասը կմարի դատարանի սահմանած ժամանակացույցով։ «Ֆրինյուզ» ընկերությունը 23,3 մլն ՀՀ դրամ պարտքից մարել է 1,5 մլն ՀՀ դրամ, պարտքի մնացորդն այս պահին կազմում է 21,8 մլն ՀՀ դրամ։ «Ֆորտունա» ընկերությունն ամբողջությամբ մարել է պարտքը»։