23/01/2024 17:04
Օրենքը ոչ միայն չի կանխարգելելու կոռուպցիան, մի բան էլ բացասաբար է ազդելու ներդրումային միջավայրի վրա. Արամ Օրբելյան (Տեսանյութ)
Այսպես կոչված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը որևէ աղերս չունի կոռուպցիայի դեմ պայքարի, իրավական պետության, ապօրինի գույքի բռնագանձման հետ։ Օրենքի անվանումն ինքնին խնդրահարույց է։ Եթե դիտարկենք այլ երկրների տերմինաբանությունը, առավել հաճախ օգտագործվում է «Առանց մեղադրական դատավճռի բռնագանձման» կառուցակարգ կամ «Քաղաքացիադատավարական բռնագանձման» կառուցվածք, երկու դեպքում էլ գույքի վերաբերյալ որակումներ չկան,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։
«Երբ հարցնում են՝ դե՞մ եք ապօրինի գույքի բռնագանձմանը, ակնհայտ պատասխանը «ոչ»-ն է, պարզապես ամենամեծ խնդիրը այդ գույքի ապօրինի լինելու հաստատման գործընթացն է։ Նույնն է, որ հարցնեն՝ դե՞մ եք, որ հանցագործները պատժվեն։ Իհարկե դեմ չենք, որ պատժվեն, բայց ամբողջ դատաքննության իմաստն այն է, որ ապացուցվի՝ արդյոք անձը գործե՞լ է հանցագործություն, թե՞ ոչ։
Ապօրինի գույք, հակակոռուպցիոն դատարան տերմինները քարոզչական նպատակներով են օգտագործվել։ Տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք կոռուպցիոն գործընթացի հետ. գույք է բռնագանձվում»։
Փաստաբանի գնահատմամբ՝ դատախազությունն առաջ է քաշում հետևյալ տրամաբանությունը՝ անձն ունի ապօրինի գույք, մենք դա գիտենք, դա քննարկման ենթակա չէ, պարզապես մեզ պետք է այդ գույքը բռնագանձելու ընթացակարգ։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ասում է, որ եթե անձինք ունեն սեփականություն, այդ սեփականությունը պետք է համարվի օրինական։
«Այս օրենքի թիրախում կարող է լինել ՀՀ ցանկացած քաղաքացի, որն ունի 50 միլիոնը գերազանցող գույք, և կա օպերատիվ տեղեկություն, ըստ որի անձն ունի ապօրինի գույք․ սկսվում է ուսումնասիրություն, հասնում են 90-ականներ, պահանջում են գույքի օրինականությունն ապացուցող փաստեր, բայց քանի որ այդ ժամանակահատվածում նոր-նոր ձևավորվում էր ՀՀ հարկային օրենսդրությունը, արխիվների պահպանված լինելու խնդիր կար, տեղի էր ունենում փոխարժեքի փոփոխություն, սեփականատերերը, ամենայն հավանականությամբ, չեն կարողանալու ապացուցել գույքի օրինականությունը և բախվելու են բռնագանձման խնդրին:
Դատախազության, կառավարության ներկայացուցիչներն անընդհատ ասում են՝ օրենքն անձի դեմ չէ, գույքի դեմ է։ Իրականում սա բացառապես անձի դեմ տեղի ունեցող գործընթաց է՝ այն տարբերությամբ, որ անձը չի ենթարկվում քրեական պատասխանատվության, բայց երբ անձից գույքը վերցնում են, անձն է ունեզրկվում, ուսումնասիրությունը սկսում են ոչ թե գույքի մասով, այլ անձին պատկանող գուքյի մասով․ արդյունքում անձի մասով է տեղի ունենում»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում