24/01/2024 13:59
Քաղաքապետարանը կփոխհատուցի՞ կոտրված ծառից տուժած քաղաքացիների գույքային վնասը
Այսօր առավոտյան Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ -Նովա պողոտայի խաչմերուկի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա։
Պարզվել է, որ ծառը շրջվել է կայանած «Toyota», «Mitsubishi» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաների վրա։ Վնասվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենայի տանիքը և դիմապակին, «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ծածկը և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի թափքը։
Aysor.am-ը Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից հետաքրքվեց, թե արդյո՞ք քաղաքապետարանը փոխհատուցելու է քաղաքացիներին պատճառված վնասը, և եթե այո, ապա ի՞նչ կարգով է դա արվելու։
«Կարգը հետևյալն է. պատահարից տուժած քաղաքացին դիմում է քաղաքապետարան, ներկայացնելով լուսանկարներ կամ տեսանյութ, դրանից հետո փորձաքննություն է իրականացվում։
Եթե փորձաքննության արդյունքում պարզվի, որ ծառը փտած է եղել, ինչի հետևանքով եղել է քաղաքացու գույքային վնասը, քաղաքապետարանը պետք է քաղաքացուն տրամադրի փոխհատուցում», - տեղեկացրեց Հայկ Կոստանյանը։