24/01/2024 21:27
Արցախից բռնի տեղահանվել է շուրջ 115 հազար անձ, նրանցից միայն 803-ն է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, իսկ 6 տոկոսը լքել է Հայաստանը (Infocom)
2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչ 2024 թ․ հունվարի 5-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային և ցամաքային անցման կետերով Հայաստանից մեկնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 հազար 618 անձ։ Այս մասին «Ինֆոքոմ»–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։
2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման հետևանքով բռնի տեղահանվել է շուրջ 115 հազար անձ։
Այսինքն՝ հիշյալ ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է բռնի տեղահանվածների 11 տոկոսը։
Ըստ ԱԱԾ-ից ստացված տվյալների՝ հիշյալ անձանցից 5473-ը նույն ժամանակահատվածում վերադարձել է Հայաստան, իսկ 7145 անձ չի վերադարձել։
Ստացվում է, որ սեպտեմբերի 19-ից մինչ հունվարի 5-ը Հայաստանից դուրս է եկել եւ չի վերադարձել ընդհանուր առմամբ Արցախից բռնի տեղահանվածների 6 տոկոսը։
Գրավոր հարցմամբ ԱԱԾ-ին խնդրել էինք հայտնել նաեւ, թե բռնի տեղահանված անձանցից քանիսին է արգելվել հատել ՀՀ պետական սահմանը եւ ինչ հիմքերով։ Այս հարցը պայմանավորված էր նրանով, որ տեղահանման օրերին ազատվել եւ Հայաստան էին տեղափոխվել Արցախի կալանավորներն ու դատապարտյալները, որոնց նկատմամբ տարբեր քրեական գործերի շրջանակում ընտրված էին կալանավորում խափանման միջոցը եւ ազատազրկում պատժի տեսակը։ Դա նշանակում է, որ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում Հայաստանից նրանց ելքի հնարավորության վրա արգելք է դրված։
ԱԱԾ-ն, սակայն, մեր այս հարցին չի պատասխանել։ Չի պատասխանել նաեւ հարցին, թե դեպի որ երկրներ են մեկնել բռնի տեղահանվածները։
2023 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում, որով սահմանվեցին նաեւ նրանց փախստականի վկայական տրամադրելու կարգն ու պայմանները։ Գրավոր հարցմամբ դիմել էինք Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը՝ խնդրելով հայտնել, թե քանի՞ անձ է բռնի տեղահանվել, քանի՞սն է դիմել փախստականի անձը հաստատող փաստաթուղթ եւ/կամ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Հարցրել էինք նաեւ բռնի տեղահանվածների թիվը, որոնք հայաստանյան որեւէ հասցեում հաշվառվել են։
Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից հայտնել են, որ բռնի տեղահանվել է շուրջ 150 հազար անձ, հավելել են՝ առավել հստակ թիվ ասել հնարավոր չէ, քանի որ մի շարք անձինք սխալմամբ են հաշվառվել որպես բռնի տեղահանված, մի շարք անձինք էլ առ այսօր դիմումներ են ներկայացնում՝ այն մասին, որ իրենք սխալմամբ չեն հաշվառվել։ Այսինքն՝ թիվը դեռ ենթակա է փոփոխման ենթադրյալ սխալների վերահաշվարկի արդյունքում։
Հղում կատարելով Կառավարության հիշյալ որոշմանը՝ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից հիշեցրել են, որ դրանով ժամանակավոր պաշտպանության ներքո են վերցվել ԼՂ բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք, ՀՀ-ում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ում, ինչպես նաեւ այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում եւ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։ Որոշումը չի տարածվում այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ։
Ըստ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների՝ 2024 թ․ հունվարի 17-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաշվառվել է ԼՂ-ից տեղահանված 42 հազար 716 անձ կամ տեղահանվածների 37 տոկոսը, իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրել է 803 անձ կամ տեղահանվածների 0․7 տոկոսը։ Քաղաքացիության դիմումների մերժումներ չեն եղել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։