24/01/2024 22:36
ԱՄՆ-ի գործողությունները կոպտորեն խախտում են մեր ինքնիշխանությունը․ Իրաք
Ամերիկյան հարվածները Իրաքում շիա զինված խմբավորումների թիրախներին կոպտորեն խախտում են Իրաքի ինքնիշխանությունը և հանգեցնում է էսկալացիայի, հայտարարել է Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատար Յահյա Ռասուլի պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ այսպիսով հարվածի տակ է դրվում նաև Բաղդադի և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի համագործակցությունը, որն ուղղված է անվտանգության ապահովմանը։
«Ոչ վաղ անցյալի իրադարձությունները խոչընդոտում են այդ գործընթացը, խաթարում են բոլոր համաձայնագրերը՝ անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Այս անընդունելի արարքը ոչ միայն խաթարում է երկարամյա համագործակցությունը, այլև կոպտորեն խախտում է Իրաքի ինքնիշխանությունը և անպատասխանատու կերպով հանգեցնում էսկալացիայի այնպիսի մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանն առանց այն էլ հակամարտության ընդլայնման վտանգի տակ է»,- նշված է հայտարարությունում։
Հայտարարությամբ նաև կոչ է արվում միջազգային հանրությանը՝ պատասխանատվություն ստանձնել խաղաղության և անվտանգության պահպանման համար և կանխել Իրաքի կայունությանը և ինքնիշխանությանը սպառնացող բոլոր խախտումները։
Նշենք, որ գիշերը ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը «օդային հարվածներ են հասցրել երեք օբյեկտների, որոնք օգտագործվում են «Իրանի աջակցությունը վայելող» «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորման կողմից»։ Ըստ պարզաբանման՝ այս գործողությունն իրականացվել է ի պատասխան Իրաքում գտնվող ռազմական ուժերի դեմ հարձակումների։