24/01/2024 19:38
Ինչու՞ է դեղատոմս պահանջելու օրենքը հիմար․ Որովհետև հիմարացնող օրենք է․ Հայկ Մանասյան
Բժիշկ Հայկ Մանասյանն անդրադարձել է դեղերի վաճառքի կարգին ու նշել վտանգները։
«Շատ դեղեր, այդ թվում՝ հակաբիոտիկները, օրենքով պետք է վաճառվեն բժշկի դեղատոմսով (հիմար օրենք, հիմարների կողմից գրված, հիմարների համար գրված):
1. Ինչու՞ է օրենքը հիմարների համար։ Քանի որ միայն հիմարը առանց բժշկի հետ համաձայնեցնելու կսկսի հակաբիոտիկներ օգտագործել։ Հակաբիոտիկները ունեն տեղը-տեղին կողմնակի էֆեկտներ, մեր դարում շատ-շատերը անօգուտ են, քանի որ բակտերիաները դարձել են պնդաճակատ, ու միայն նեղ մասնագետը գիտի, թե իր ոլորտում որ հակաբիոտիկն է ազդում արդյունավետ՝ տվյալ ժամանակահատվածում (մեկ տարի անց նույն հակաբիոտիկը նույն հիվանդության համար կարող է լինել ապարդյուն): Չհաշված, որ հաճախ վիրուսների դեմ են նշանակվում հակաբիոտիկներ, ինչը բացարձակ անօգուտ է։
2. Ինչու՞ է օրենքը հիմարների կողմից գրված։ Որովհետև աջ ու ձախ, տեղին-անտեղի հակաբիոտիկները նշանակում են հենց բժիշկները, անթիվ, անհամար անգրագետ դեղատոմսերով։ Հիվանդներն ու դեղատներն ընդամենը կրկնում են այդ անոտուգլուխ թափթփվածությունը։ Հետևաբար, բժիշկների գրագիտությունը և հակաբիոտիկներ նշանակելու դիսցիպլինան բարձրացնելու փոխարեն, հիմարների մի խումբ գործը սկսում է հակառակ ծայրից։
3. Ինչու՞ է դեղատոմս պահանջելու օրենքը հիմար։ Որովհետև հիմարացնող օրենք է։ Փորձը ցույց է տվել, որ ինչքան ազատ է դեղերի վաճառքը, այնքան քիչ են պատահում դեղերից թունավորումներ և գերդոզավորումներ։ Բանը նրանում է, որ ազատություն ունեցող հանրությունները, ավելի գրագետ են և վարժված աշխատելու դեղերի հետ, իսկ բժիշկների դեղատոմսերի տառից կախված հանրույթները, չեն զբաղվում ինքնակրթմամբ, և անմտածված ու առանց հասկանալու կատարում են հրահանգներ՝ իրավիճակի կառավարման մեջ իրենց պատասխանատվությունը չտեսնելով։ Հետևաբար, ինչքան շատ ես արգելում, այնքան ստանում ես կամակատարների հիմար բազմություն, ինչքան ազատություն ես տալիս ու կրթում, պատասխանատվության զգացում դաստիրակում, այնքան հանրությունդ առողջ է գաղափարապես, հոգեպես և իհարկե՝ մարմնով»,- գրել է Մանաասյանը՝ սոցցանցի իր էջում։