24/01/2024 13:25
Չնայած պնդումներին, որ Սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանի պահանջով չէ, ադրբեջանցի պաշտոնյան հակառակի մասին է խոսում
Չնայած ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե մեծ չափազանցություն է ասել, որ ՀՀ-Ադրբեջան կարգավորումն է Սահմանադրության փոփոխության պատճառը, այդուհանդերձ, ադրբեջանցի պաշտոնյայի գրառումը հակառակի մասին է խոսում։
Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմ Աղաևը «X»-ի իր միկրոբլոգում գրել է. «Հայաստանի տարածքային պահանջներն Ադրբեջանի դեմ ամրագրված են նաև նրա Անկախության հռչակագրում։ Նրա Սահմանադրությունը պաշտոնապես հիմնված է այս Հռչակագրի վրա»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Ընդդիմությունը և որոշ փորձագիտական շրջանակներ արձագանքեցին այս հայտարությանը՝ նշելով, որ նոր Սահմանադրությամբ Փաշինյանը կատարում է Ադրբեջանի պահանջը՝ Սահմանդրությունից հեռացնել Անկախության հռչակագրին հղումը, որովհետև այնտեղ հիշատակում կա ԼՂ-ի մասին։