24/01/2024 11:13
Նահատակների ծնողներին քաշքշած, վնասվածքներ հասցրած օպերացիայի պատասխանատուներն ու իրագործողները մնացին անպատիժ. գործը կարճվել է. Տիգրան Աբրահամյան
2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» ոստիկանության կողմից բռնության ենթարկված զոհված հերոսների ծնողների գործը կարճվել է: Նրանց մեծ մասը «Որդիների կանչ» ՀԿ անդամներ են:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ փաստացի, նահատակների ծնողներին քաշքշած, վնասվածքներ հասցրած օպերացիայի պատասխանատուներն ու իրագործողները մնացին անպատիժ:
«Գործը կարճվել է, բայց հիշողությունն ու պատմությունը չի կարող կարճվել և այդ այլանդակության պատասխանատուները հավերժ պատմության աղբանոց են գնալու:
Ավելի մեծ հարված բանակի մարտական ոգուն, ըստ այդմ` նաև մարտունակությանը, դժվար է պատկերացնել:
Դեռ այդքանից հետո էլ ՆԳ նախարարը փորձել է հանդիպել նահատակների՝ իր իսկ հրամանով վայրագությունների ենթարկված ծնողներին. երևի աչքով-ունքով անելու նպատակով, որ ինքը չէ, այլ Նիկոլն է հրաման տվողը: Իհարկե, ծնողները մերժել են:
ԶՈւ կազմավորման տոնին ընդառաջ սա ուղերձ էր նաև բանակին առ այն, որ իրենց թիկունքին պետություն չկա:
Կա ոհմակ, որն առաջնորդվում է անբարոյականության սկզբունքներով` մինչև վերջ ստորանալով և ստորացնելով իրեն ենթարկվող ու իր քմահաճույքները կատարող խմբերին»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։