25/01/2024 14:19
«Հիմա Էդվարդն էլ Վաղոյի մոտ է ու արդեն գիտի, թե ինչ էր ուզում իրեն ասել ընկերը»... Վաղարշակն Ապրիլյանի առաջին զոհն էր
2016 թվականի ապրիլի 2-ին Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի դպրոցի բակում զոհված 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը ծնունդով Հերհեր գյուղից է։
Նույն օրը դպրոցի բակում ծանր վիրավորում էր ստացել նաև նրա հարազատ եղբայրը` 10-ամյա Գևորգ Գրիգորյանը։
«Վաղարշակը տան ավագն էր, շատ էր կապված տատիկի ու պապիկի հետ, տատիկին խոստացել էր, որ բժիշկ է դառնալու»։ Վաղարշակի ու Գևորգի հորաքույր Քնար Գրիգորյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ Գևորգը օրեր անց հիվանդանոցում է իմացել եղբոր կորստի մասին։
«Ու երբ այցի եկած լրագրողները հարցրեցին, թե ի՞նչ երազանք ունի, նա ասաց, որ բժիշկ է դառնալու։ Ընտանիքի անդամները հասկացան, որ դրանով Գևորգն ուզում էր Վաղարշակի կիսատ մնացած երազանքն իրականացնել»,- ասել է նա։
2016 թվականին Գրիգորյանների ընտանիքը տեղափոխվել է Շուշի։ Հորաքրոջ խոսքով, երեխաների համար չափազանց ծանր կլիներ մնալ Ներքին Ճարտարում։ 2020 թվականին ընտանիքը Շուշիում թողեց իրենց տունն ու Վաղարշակի լուսանկարները, իսկ Ներքին Ճարտարում` Վաղարշակի հիշատակին կառուցված խաչքարը, 2023-ին՝ Վաղարշակի գերեզմանը՝ հայրենի Հերհեր գյուղում։
«Այդքան ծանր ապրումներից հետո, ընտանիքի համար դժվար ժամանակաշրջան է։ Գոնե գերեզմանին ծաղիկներ խոնարհելու հնարավորություն լիներ»,- վշտացել է Քնար Գրիգորյանը, ապա խոսել եղբոր որդու՝ Գևորգի հաջողություններից։
«Գևորգը շարունակեց երազանքի հետևից գնալ։ 2023 թվականին անվճար ընդունվեց Երևանի պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» բաժինը` իր երազանքին ձուլելով եղբոր` Վաղարշակի չիրականացված երազանքը։ Այժմ նա 1-ին կուրսի ուսանող է»։
Վաղարշակը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին զոհն էր։ Թշնամին առաջին հարվածով թիրախավորել էր դպրոցը, ճիշտ այն ժամին, երբ դպրոցականները դասի էին գնում։
Քնար Գրիգորյանը պատմել է նաև Վաղարշակի մտերիմ ընկերոջ՝ Էդվարդ Սարգսյանի մասին։
«Երկուսն էլ Հերհեր գյուղից էին, երկուսի հայրերը` ՊԲ սպաներ և ընտանիքներով տեղափոխվել էին Ներքին Ճարտար։ 2016թ ապրիլի 2-ին Վաղարշակը գնաց Էդոյին կանչելու, որ միասին դպրոց գնան, ասել էր՝ «կարևոր բան ունի ասելու»։ Էդվարդը դեռ պատրաստ չէր, չէր նախաճաշել։ Բայց երբ արկը պայթել է, նա առաջինն է գնացել Վաղարշակին փնտրելու»,- պատմել է Քնարը։ Ընկերները պատմել են, որ Էդվարդն իրեն չէր ներում, որ Վաղարշակի հետ չի գնացել և անընդհատ ուզում էր իմանալ, թե կարևոր ի՞նչ պիտի նրան ասեր։
«Էդվարդը հաճախ էր այցելում Վաղարշակի գերեզմանին։ Նրա ծննդյան օրը` հունվարի 19-ին, ու զոհվելու օրը` ապրիլի 2-ին, առաջինը միշտ նա էր այցելում։ Անցած տարի արդեն ժամկետային զինծառայող Էդվարդ Սարգսյանը չկարողացավ գնալ, բայց ծնողները նրա փոխարեն գնացին»,- Քնարը խոսքը թողել է կիսատ, ապա շարունակել․ «Հիմա Էդվարդն էլ Վաղոյի մոտ է»...
«Նա զոհվեց 2023-ի սեպտեմբերյան մարտերում և ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Վաղարշակի հարազատները նրա ծննդյան օրը Էդվարդի գերեզմանին են այցի գնացել` մտածելով, որ մտերիմ ընկերները կրկին միասին են և Էդվարդն արդեն գիտի, թե ինչ էր ուզում իրեն ասել Վաղարշակը»։
MediaHub-ը պատմել է նաև Էդվարդի մասին: