25/01/2024 13:01
Երբ ՀՀ սահմանները կլինեն դեմարկացված ու դելիմիտացված, Հայաստանը կունենա իր սուվերեն տարածքի վերաբերյալ տեղեկատվություն. Կադաստրի կոմիտեի ղեկավար (Տեսանյութ)
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
«Իրավական գնահատականի հիման վրա միայն կարելի է ասել, թե որ քարտեզների հիման վրա կարելի է գործընթացն անել։ Այդ աշխատանքները տարվում են, ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ կա խումբ, որտեղ իմ տեղակալներն էլ մասնակից են, ամենօրյա աշխատանք է տարվում»,- նշեց նա։
Թովմասյանի խոսքով՝ երբ արդյունքներ լինեն՝ հրապարակային տեղյակ կպահվի այդ մասին։
Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարն ասաց, թե վարչապետի խոսքը, իր կարծիքով, վերաբերել է նրան, որ Հայաստանի սահմանները դեմարկացված ու դելիմիտացված չեն։
«Երբ ՀՀ սահմանները կլինեն դեմարկացված ու դելիմիտացված, դա ինքնին կնշանակի, որ Հայաստանի սահմանները փաստագրված են ու Հայաստանն ունի իր սուվերեն տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը»,- նշեց Թովմասյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների համապատասխան հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի վերջին։ Հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։