25/01/2024 10:30
Պատրաստ եմ պատասխանատվություն կրել արածներիս համար, բայց ոչ՝ չարածներիս. քաղաքական բանտարկյալի «տիտղոսի» համար պայքարելու նպատակ չունեմ. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատասխանելով «Հայաստանի Հելսինյան կոմիտեի» իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։
«Ուշադրությամբ կարդացի Ավետիք Իշխանյանի՝ ինձ ուղղված հարցերը, որոնք հեղինակն եզրափակել էր այսպես. «Այս հարցերին անկեղծ պատասխանելու դեպքում, համոզված եմ, որ ինքս Ձեզ կհամարեմ քաղբանտարկյալ»։
Նախեւառաջ, առնվազն տարօրինակ եմ համարում, երբ փորձառու իրավապաշտպանը այս կամ այն մարդուն քաղբանտարկյալ համարել-չմամարելը պայմանավորում է այս կամ այն հարցերին պատասխանելով: Առավել զարմանալի է, որ իրավապաշտպանը հարցերը ձեւակերպել է այնպես, որ ցանկացած պատասխանի դեպքում իրեն իրավունք վերապահի կասկածներ հայտնել դրանց անկեղծության մակարդակի վերաբերյալ:
Այնուամենայնիվ, որոշեցի անդրադառնալ պարոն Իշխանյանի հրապարակմանը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի եւ գերատեսչության ղեկավարի պաշտոններում մշտապես կարեւորել եմ գործակցությունը քաղաքացիական հասարակության, եւ, մասնավորապես, իրավապաշտպան կառույցների հետ: Միասին մենք ծավալուն աշխատանք ենք կատարել Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական` այս դեպքում հասարակական կազմակերպությունների կողմից վերահսկողություն հաստատելու եւ ամրապնդելու համար:
Պարոն Իշխանյանի տրված հարցերին վերջին երեք տարիների ընթացքում պատասխանել եմ՝ հարցազրույցների, հայտարարությունների միջոցով, ինչպես նաեւ 2023 թվականի օգոստոսին ԱԺ քննիչ հանձնաժողովում ունեցածս ելույթի եւ հարց ու պատասխանի ընթացքում, որոնք հեռարձակվել են ուղիղ եթերում:
Կարծում եմ, իրականում պարոն Իշխանյանը տեղյակ է իմ դիրքորոշմանը, իսկ հարցեր հնչեցնելու իրական նպատակը ինձ քաղբանտարկյալ ճանաչել կամ չճանաչելը չէ եւ դուրս է իրավապաշտպան գործունեության շրջանակներից:
Վերջին 2.5 տարվա ընթացքում բազմիցս հայտարարել եմ, որ ապօրինաբար զրկված եմ ազատությունից՝ շինծու քրեական գործով: Բազմիցս պահանջել եմ բաց դատավարություն անցկացնել: Փաստաբաններս խափանման միջոցը փոխելու բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել: Որեւէ դեպքում հանրային արձագանք չեմ լսել որեւէ իրավապաշտպանի կողմից: Ցավոք, մեր հասարակության մեջ տեղ գտած բեւեռացումը արտացոլվում է նաեւ իրավապաշտպանների շրջանում, որոնք նույնիսկ ազատությունից ապօրինի զրկված մարդկանց բաժանում են «յուրայինների» եւ «օտարների»՝ մոռանալով, որ օրենքը բոլորի համար է: Իմ դեպքում խնդիրը, հավանաբար, առավել բարդ է, քանի որ քաղաքական ուժերի եւ դրանց հարող իրավապաշտպանների համար ես ո՛չ «յուրային» եմ, ո՛չ էլ «օտար»:
Բազմիցս ասել եմ, որ պատրաստ եմ պատասխանատվություն կրել արածներիս համար, բայց ոչ՝ չարածներիս: Քաղաքական բանտարկյալի «տիտղոսի» համար պայքարելու նպատակ չունեմ, առավել եւս՝ վերջնագրի ձեւով կազմված հարցաշարին պատասխանելու միջոցով: Կարծում եմ, որ եթե պարոն Իշխանյանը եւ այլ իրավապաշտպաններ իսկապես ցանկանում են պատասխաններ լսել ինձնից, կարող են օգտագործել իրենց տիրապետության տակ եղած գործիքակազմը եւ միանալ բաց դատավարության մասին իմ պահանջին:
Հ.Գ. Հարգելի պարոն Իշխանյան, որպես երկրաբանը երկրաբանին դիմելով, անկեղծորեն ցանկանում եմ Ձեզ «գոտեպնդվել»՝ ինչպես ասվում է Ձեզ հայտնի "Геологи" երգում: Եվ հիշեցնել եւս մի հատված նույն երգից. «Կյանքում էլ մենք կարող ենք թանկագին հանքաքարը տարբերել դատարկ ապարից»»: